Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 3: Ապրել ֆուտբոլով!
12.07.2012, 23:12

Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”

Մասեր`



Գլուխ 3: Ապրել ֆուտբոլով!

¡Genio! ¡Genio! ¡Genio! ta-ta-ta-ta-ta-ta… Goooooool… Gooooool… ¡Quiero llorar! ¡Dios Santo, viva el fútbol! ¡Golaaaaaaazooooooo! ¡Diegooooooool! ¡Maradona! Es para llorar, perdónenme…
Victor Hugo Morales

Բուենոս Այրես, 22 հունիսի 1986 թվական:  Զանետտիների տանը  աղմուկ է և իրարանցում: Մայրս` Վիոլետան,  չգիտեր ինչպես հանգստացնել  հինգ ոգևորված երեխաների, որոնց բոլորի պարանոցներին Արգենտինայի հավաքականի շարֆերն են: Բոլորս կանգնել էինք հեռուստացույցի առջև,  ինչպես ֆուտբոլային թիմ: Մայրս նստած էր բազմոցին (թեև իր արտաքին խստությանը, նա բոլորից շատ էր հուզված), նրա կողքին հայրս էր` Ռոդոլֆո Իգնասիոն, կարծես տրանսի մեջ լիներ (նա միշտ այդ վիճակում էր հայտնվում կարևոր խաղերից առաջ) և եղբայրս` Սերխիոն (որպես ընտանիքի մեծ զավակ նա նույնպես արժանացել էր բազմոցին նստելու պատվին): Նրանց առջև հատակին նստած էին մեր մանկության ընկերները, ում հետ մեծացել ենք և ֆուտբոլ խաղացել` Կաչոն, Լուիսը, Զարդոն, Կրիստինը և ես, բոլորս ոտքից գլուխ հագնվել էինք սպիտակ-կապույտ գույներով:
Խաղը պետք է հեռարձակեր mondovisione-ը և սա սովորական խաղ չէր: Այս խաղի մասին մի քանի օր շարունակ խոսվում էր ամենուր` բարերում, հրապարակներում, բակերում, շուկայում:
Բոլորի մտքում միայն մեկ բան էր` հաղթել անգլիացիներին: Մնացած ամեն ինչ ոչ ոքի չէր հետաքրքրում և, կարծես թե, նշանակություն չուներ: Սա ուներ իր պատճառը, Արգենտինա – Անգլիա խաղը պարզապես ֆուտբոլային հանդիպում չէր, այլ պատասխան խաղ, հաշվեհարդարի օր, այն խայտառակության համար, որը տեղի էր ունեցել չորս տարի առաջ: Մալվիյան կղզիների (կամ Ֆոլկլենդյան կղզիներ, ինչպես անվանում են անգլիցիները) համար մղվող պատերազմի հիշողությունները` զոհերը և անհեթեթ անախրոնիզմը, դեռ շատ վառ էին բոլորիս մոտ: Անգլիան թշնամի էր մեզ համար, բայց այսօր մենք կարող էինք հաշվեհարդար տեսնել: Մեր բոլորի հույսերը կապված էին գանգրահեր, կարճահասակ և ամրակազմ 10 համարի հետ` Al Pibe de Oro (ոսկե տղա) , Դիեգո Արմանդո Մարադոնայի:
"Առաջ Արգենտինա, առաջ”- այս բացականչությունը հնչում էր յուրաքանչյուր տնից, երբ մրցավարի սուլիչը ազդարարեց խաղի մեկնարկը: Դու մտահոգվում ես, չես կարողանում քո տեղը գտնել, բղավում ես, ուրախանում… Դա նույնն է, կարծես  Մեխիկոյի "Ացտեկա” մարզադաշտը լեցուն լինի միլլիոնավոր արգենտինացիներով: Մենք մեծ ուշադրությամբ լսում էինք հաղորդավարի ամեն մի խոսքը, դա Հուգո Վիկտոր Մորալեսն էր` Selección-ի պաշտոնական սպորտային մեկնաբանը: Առաջին խաղակեսն ավարտվեց 0 – 0 հաշվով, սակայն հաշվի հավասարակշռությունը խախտվեց երկրորդ խաղակեսի առաջին րոպեներին:
Նրանք, ովքեր ասում են, որ ֆուտբոլը դա ընդամենը 22 երիտասարդ տղամարդիկ են, ովքեր շորտերով վազում են գնդակի ետևից և հարվածում գնդակին, հավանաբար, երբեք չեն տեսել այնպիսի պահեր, ինչպիսին այս հունիսի երեկոն էր: 4 րոպեների ընթացքում` 51-ից 55, Արգենտինան հայտնվեց դրախտում: Սա մեր վրեժն էր, սա մի ամբողջ երկրի հաշվեհարդարն էր: Երբ Դիեգոն ձեռնունայն թողեց Անգլիայի հավաքականի դարպասապահ "Her Majesty’s Lions”-ի լեգենդ Պետեր Շիլտոնին, ձախ ձեռքով շեղելով գնդակի ուղղությունը և այն ուղղարկելով դարպասը, մեզ ազատեց բոլոր մղձավանջներից: Աստծո Ձեռքը. սարսափելի վիրավորանք անգլիացիների համար, իսկ մեզ համար սառը և անխիղճ վրեժ Մալվիյան կղզիների համար: 1 -0 և գնդակը կենտրոնում է: Բուռն ուրախությունից հետո ժամանակ չկար հանգստանալու, և "մարդը, ով մտածում է ոտքերով”, ինչպես նրան բնորոշել էր գրող Օսվալդո Սորինոն, դառնում է լեգենդ: Նա սկսում է դաշտի կենտրոնից, անցնում է ողջ անգլիական պաշտպանությունը, շրջանցում Շիլտոնին և… 2 -0: Մեր տանը բոլորը ուրախությունից խենթանում են, իսկ որոշները այնքան են ազդվել կատարվածով, որ ուղղակի լռում են, որպիսի գոնե մի քիչ ուշքի գան: Սա ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ գոլն է, իսկական արվեստի գլուխգործոց և այդ ստեղծագործության հեղինակը Դիեգո Մարադոնան է: Ես չեմ կարող ասել, թե քանի անգամ եմ վերանայել այս խաղը, և ամեն անգամ ես երազում էի, որպիսի գոնե մի փոքր նմանվեմ հանճարին, խափս տալ բոլոր խաղացողներին, շրջանցել  դարպասապահին և գնդակը ուղարկել դարպասը:
"¿De qué planeta viniste? ¡Para dejar en el ingles fireplace so! ¡Para que sea el país a apretado Puno, integrity por Argentina! … Argentina 2 – Inglaterra 0.”: "Ո՞ր մոլորակից եք դուք եկել, որպիսի կանգնեցնեք անգլիացիների առաջընթացը: Որովհետև ամբողջ երկիրը մի սեղմված բռունցք է… Արգենտինա 2 – 0 Անգլիա”: Մորալեսի այս խոսքերը երկար ժամանակ այդ տարիների հիմնն էին:
Պատերազմի գորշ տարիներից հետո, երբ վախենում էինք նույնիսկ դուրս գալ փողոց, Արգենտինան կանգնեց նոր երջանկության ուղղու վրա: Երկիր վերադարձավ դեմոկրատիան, նախագահ ընտրվեց Պաուլ Ալֆոնսին` 1983 թվականին և երկրի նկատմամբ վստահությունը վերականգնվեց: Եվ հենց ֆուտբոլը հիմնական դերը խաղաց Արգենտինայի Հանրապետության վերականգնման գործում` բռնակալության մութ տարիներից հետո: 1978 թվականին, տոտալիտար ռեժիմի ժամանակ, Արգենտինայի հավաքականը նվաճեց Աշխարհի Գավաթը և դա դարձավ իսկական օրհնություն ժողովրդի համար:  Ես շատ փոքր էի, բայց լավ հիշում եմ, որ չնայած բազմաթիվ խնդիրներին, որ ամեն օր խեղդում էին մեզ, յուրաքանչյուր արգենտինացի դարձավ ավելի երջանիկ: Իսկ 1986 թվականի հաղթանակը դարձավ յուրատեսակ վերածնունդ և ուրախության գագաթնակետ: Արգենտինան կրկին ազատ է,  և ամբողջ երկիրը միավորեց Դիեգո Մարադոնան: Նա դարձավ նոր կյանքի և նոր աշխարհի խորհրդանիշը, մի ողջ ազգության պիտակը, որը երկար տարիների ընթացքում ստիպված էր բախվել աքսորների և դժբախտությունների հետ, և ահա վերջապես դժբախտությունների մութ թունելում լույսի շող հայտնվեց:
Անգլիացիների նկատմամբ հաղթանակի կապակցությամբ մի ամբողջ շաբաթ միայն տոնակատարություններ էին: Հաջորդ օրը ոչ ոք աշխատանքի դուրս չէր եկել, սկսվեց համընդհանուր տոն: Նույնիսկ el País-ը` արգենտինական ամենախոշոր թերթը, չէր աշխատում:  Մենք, արգենտինացիներս, շատ կրքոտ ենք և տաքարյուն, և պատրաստ էինք ամեն ինչի հանուն մեր երկրի ապագայի: Հունիսի 22-ի հաղթանակից հետո Բուենոս Այրեսը դարձավ մարդկանց մեծ հոսք` ագրենտինական այս հոսանքը միավորել էր սև գանգուրներով երիտասարդը` ով դարձավ 2 անհավանական գոլերի հեղինակ: Սակայն գլխավոր խաղը դարձավ եզրափակիչը , որտեղ Արգենտինան հանդիպեցին ԳՖՀ-ին, որտեղ խաղում էր "իմ” Մատեուսը: Եվ "Ինդեփենդենտի” առաջատար Բուրրուչագայի խփած որոշիչ գոլով խաղը ավարտվեց 3 -2 հաշվով, ի օգուտ սպիտակ- կապույտների: Այդ երեկո մենք գնացինք տոնելու Բուենոս Այրեսի հրապարակ, ամբողջ Բուենոս Այրեսն այստեղ էր: Երեխաները, մեծահասակները, ծերունիները, տնային տնտեսուհիները: Միլլիոնավոր մարդիկ իսկական խենթության մեջ էին, ավտոմեքենաները զարդարված էին  biancazzurro, հազարավոր մարզաշապիկներ 10 համարով և հրավառություններ: Սա ավելին էր, քան ազգային որևէ տոն, սա ազատագրման տանգո էր, Արգենտինայի նոր դարաշրջանի սկիզբը:
Մի քանի շաբաթների ընթացքում հեռուստատեսությամբ և ռադիոյով խոսվում էր միայն այս մասին, կարծես թե, ժամանակը կանգ էր առել: Ֆուտբոլի ուժն էր: Ես հիշում եմ, որ անցորդները փողոցում իրար ողջունում էին "Չեմպիոննե~ր” ուրախ բացականչություններով: Սա մեծ հիացմունքի ալիք էր, որն ընդգրկել էր բոլորն անխտիր` հարուստներին և աղքատներին, գրասենյակային աշխատողներին և ուսուցիչներին, գործարանների և նավահանգիստների աշխատողներին:
Այդ գիշեր ես երազում էի: Ես ցանկանում էի լինել Դիեգոն, անցնել մրցակցի պաշտպանությունը, շրջանցել դարպասապահին և գնդակն ուղարկել դարպասը, անհագուրդ տոնել գոլը  և նետվել երկրպագուների գիրկը: Ես երազում էի այդ մասին երկու տարի: Այնուհետև իմ կարիերան կանգնեց ճամփաբաժանի առաջ, կամ ավելի ճիշտ կլինի ասել փակուղու առաջ: 15 տարեկանում, երբ ընդգրկվեցի իմ սիրելի թիմի` "Ինդեփենդենտի” երիտասարդական հավաքական, ես հայտնվեցի ֆուտբոլի սահմաններից դուրս: Ես չէի հայտնվում հայտացուցակներում: Ֆուտբոլիստի իմ կարիերայի վրա խաչ էր քաշված: Պատճա՞ռը: "Տղան շատ նիհար է, շատ նվազ, շատ փոքր”: Ես չխաղացի մեկ տարի: Ես նույնիսկ զվարճանալու կամ ընկերներիս հետ խաղալու համար չէի դիպչում գնդակին:

Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է

Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: tiko11
Դիտումներ: 2059 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Harut_Interist   (13.07.2012 01:23) [Материал]
forzaaaa il Capitano.....iroq hzora mer avag@ iroq arajin@ lav futbolist lineluc araj lav marda voj te himikva kristyanoneri kam ramosneri nman vor giden iranqen u vsyo...vopshm shaaat futbolistner kan vor heruen Zanettiic hima vor vapshe gone en vaxt kayn Zidane@ ,ronaldon,Carlos@ vor erevumer jentrmen futbolistnereyn Zanettii nman 130 75 75 75

1 tiko11   (12.07.2012 23:37) [Материал]
erord gluxna kardum em Zanetti girq@ u misht pshaqaxvum em... erevuma vor hsat hayrenasera.. erevi chapic shat.. bolori erazanqna ira erkri havaqakanin tesnel gavat@ glxaverevum u bolors el poqr jamanak mer erazum erevi et patker@ tesel enq nayev mer katarmamb... shat lava nkaragrum Zanetin. Maradonnaa.. futbol@ hexashrjoxneric mek@ futbolayin Legend. Argentinayi astvac. erevi shat haytni futbolistneri heta exel vor skzbic kariern hajox chi exel kam chen uzecel iren vercnen akumbum shateri baxt@ berela shaterin@ che.. u esor Zanettin apacucela vor futboln aranc ira anhnara INTERUM 75 77

evs mek angam mersi Ashxenin targmanutyan hamar

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz