Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 15. Ես Ինտերիստ եմ
19.06.2013, 21:40
Մասեր`


Գլուխ 15. Ես Ինտերիստ եմ


     Մայիսի 5-ի հիշողությունները ոչ մի կերպ չէին ցանկանում լքել մեզ, նույնիսկ 2002-ի Աշխարհի առաջնությունը չկարողացավ հեռացնել կորցրած Սկուդետտոյի մասին մտքերը: Եկավ օգոստոսը, և դրա հետ նոր մրցաշրջանը, Ինտերում այդ ընթացքում շատ բան փոխվեց: Ռոնալդոն` Ներաձուրրիի երկրպագուների ամենասիրված խաղացողը, որոշեց իր կարիերան շարունակել Իսպանիայում` Մադրիդի Ռեալում: Ես երբեք չեմ կիսել նրա այդ ընտրությունը և չեմ համաձայնվել այն շարժառիթների հետ, որ նրան ստիպեցին հեռանալ Միլանից` ենթադրաբար Հեկտոր Կուպերի հետ տարաձայնությունները: Ես ասել եմ դա այն ժամանակ, և ես կրկնում եմ հիմա` Ռոնին մեծագույն խաղացողներից մեկն է, գուցե լավագույնը, ում հետ ես հնարավորություն եմ ունեցել խաղալ, բայց Մասսիմո Մորատտին և Ինտերի միլլիոնավոր երկրպագուներ, որոնց համար նա իսկական կուռք էր դարձել, ամբողջ այդ ժամանակ, երբ նա վերականգնվում էր վնասվածքներից, տառապում էին և սպասում նրա հետ միասին: Հանուն Ռոնալդոյի, բոլոր այն փորձություններից հետո, որ բաժին հասան նրան, ես հրաժարվեցի ավագությունից, դրանով իսկ, ցանկանալով ցույց տալ, որ թիմը աջակցում է նրան, և թե որքան կարևոր է նա բոլորիս համար: Դա բավարար չեղավ: Գիտեք, ֆուտբոլը կարծես մեծ ճախարակ լինի` խաղացողները, տնօրենները, նախագահները, մարզիչները, այս ամենը միահյուսվում է, մանվում, սակայն ակումբի գույները մնում են անփոփոխ:

   Կուպերի ղեկավարության երկրորդ տարում արգենտինական խումբը զգալիորեն մեծացավ: Բացի ինձնից, Նելսոն Վիվասից, Մատիաս Ալմեյդայից, Անդրես Գուլյելմինպետրոյից, եկան Կիլի Գոնսալեսը, Էրնան Կրեսպոն, իսկ ավելի ուշ, մրցաշրջանի ընթացքում միացավ մեկ այլ մեծ հարձակվող` Գաբրիել Բատիստուտան: Նույնիսկ առանց Ռոնալդոյի` մեր ամենաստղային խաղացողի, Ինտերը լավ արդյունքներ էր ցուցադրում առաջնությունում, իսկ ահա եվրոպական ասպարեզում մեզ կրկին սպասում էր մեծ հիասթափություն, որի մասին նույնիսկ հիմա, այսքան տարի անց, ինձ համար շատ ցավալի է հիշել: Վերջին քառորդ դարում Ներաձուրրին առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, և բոլորը ցանկանում էի խուսափել երկրորդ իտալական ակումբի հետ հանդիպումից: Վիճակահանությունից հետո, որի արդյունքում մեր մրցակիցը դարձավ Միլանը, մենք մի քանի օր չէինք խոսում այդ մասին: Մյուս կողմից, դա առաջին եվրո-դերբին էր պատմության մեջ, մինչ այդ մեր ակումբները երբեք չէին հանդիպել եվրոպական մրցաշարի շրջանակներում: Կարծում եմ, որ շատ հեշտ է պատկերացնել, թե ինչպիսի ճնշում և լարվածություն էր խաղից առաջ: Դերբին միշտ էլ արտասովոր խաղ է, էմոցիաները դուրս են գալիս սահմաններից: Ներաձուրրի և ռոսսոների` սա պարզապես Միլանի երկու թիմեր չեն, սա երկու հակադիր խաղաոճեր են, և փիլիսոփայություն:  Ես միշտ անկեղծ հարգանքով եմ վերաբերվել մեր «զարմիկներին» և, առաջին հերթին, Պաոլո Մալդինիին, իմ կարծիքով, բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկը: Մինչ այդ պահը դերբին դիտվում էր որպես մենամարտ` քաղաքում գերակայության համար, սակայն 2003-ի մայիսին, այն դարձավ ինչ-որ ավելի մեծ բան` քարտեզին էր դրված Եվրոպայում գերիշխանության հարցը, իսկ Միլան քաղաքը դարձել էր միջմայրցամաքային ֆուտբոլի մայրաքաղաքը: Դա պարզապես դերբի չէր, այլ Եվրո-Դերբի:

     Առաջին խաղն ավարտվեց զրոյական հաշվով, այդքան էլ ուրախալի արդյունք չէր երկու թիմերի համար էլ, բայց մենք գոհ էինք ամեն դեպքում, քանի որ մեր խաղը պարտության էր նման: Պատասխան 90 րոպեների ընթացքում մենք չէինք կարող մեզ թույլ տալ թուլանալ և ոչ մի վայրկյան, դա կրքի ևս մեկ շաբաթ էր: Փողոցներում, թերթերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ բոլորը խոսում էին միայն Ինտեր- Միլան խաղի մասին: Խփած մեկ գնդակը կարող էր երազանքն իրականություն դարձնել` խաղալ եզրափակչում հինգ տասնամյակ սպասումից հետո: Հիշում եմ, որ այդ երեկո Սան Սիրոյում քաոսն էր տիրում` տրիբունաներում բացակայում էին նստատեղերի կեսը, և բառացիորեն ամենուր, և հատկապես Կուրվա Նորդից, երևում էին սև և կապույտ գույները: Խաղը գրեթե հավասար բնույթ էր կրում, բայց առաջին խաղակեսի ավարտին մեզ վրա կարծես սառը ցնցուղ թափվեց` Շևչենկոն ազատվեց Կորդոբայի հսկողությունից և խոցեց Տոլդոյի դարպասը: Այնպես որ, մենք արդեն պետք է երկու գնդակ խփեինք: Ընդմիջումից հետո բոլոր ուժերը ուղղվեցին խաղատախտակի վրա հաշիվը վերականգնելուն, և մեծամասամբ մեր երկրպագուների աջակցության շնորհիվ, եզրափակիչ սուլիչից 8 րոպե առաջ, Մարտինսը խփեց պատասխան գնդակը: Խաղը դարձավ էլ ավելի հետաքրքիր: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին մենք, մեր երկրպագուների բուռն աջակցությամբ, առաջ նետվել ռոսսոներրիի դարպասներին, բայց այդ եզրափակիչ հարձակումը մեզ ցանկալի արդյունքին չբերեց: Մրցավարի սուլիչ և հույսերի փլուզում: Ֆիզիկական և հոգեբանական սպառում:  Զայրույթի զգացումն ու հիասթափությունը պատառոտում էին ինձ, և հուսահատությունից ես սկսեցի արտասվել: Ես երեխայի պես լաց էի լինում և չէի կարողանում կանգ առնել: Այսօր, ետ նայելով, ես չեմ կարող ասել, որն էր ավելի դժվար վերապրել` պարտությունը Միլանին, թե մայիսի 5-ի պարտությունը: Կարծում եմ` դրանք գրեթե համարժեք կորուստներ էին:

    Հաջորդ տարին շատ փոփոխություններ բերեց: Առաջնության վեց տուրից հետո, Կուպերը, ում ղեկավարությամբ մենք մի քայլ էին հեռու Չեմպիոնների Լիգայի եզրափակչից, ազատվեց աշխատանքից: Այդ մրցաշրջանն Ինտերն այնքան էլ լավ չսկսեց, և Մորատտին որոշեց այդ կերպ սթափեցնել թիմին: Եկավ Ալբերտո Ջակկերոնին, ով հայտնի Ինտերիստ է, չնայած այն բանին, որ իր գլխավորությամբ միլանյան մյուս ակումբը 1999-ին նվաճեց Սկուդետտոն: Նոր մարզիչը շատ ժամանակ չուներ, որպեսզի իր տակտիկական մտահղացումները ամրապնդեր թիմում, և այդ մրցաշրջանը մեզ համար ոչնչով հիշարժան չդարձավ` չորրորդ տեղն առաջնությունում և եվրոպական մրցաշարին մասնակցելու իրավունք:

   2004-2005 մրցաշրջանը բացեց հաղթանակների երկար սպասված շարքը` Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ, նախկին մեծ ֆուտբոլիստ, ում դեմ ես մի քանի անգամ խաղացել եմ, այդ թվում 1998 թվականի ՈՒԵՖԱ-ի Գավաթի եզրափակչում: Այդ ընթացքում արգենտինացի լեգեոներների քանակը թիմում ավելի էր մեծանում` եկավ Կրուզը` իմ խաղընկերը Բանֆիլդից, Գոնսալեսը, Վերոնը, Բուրդիսոն և Էստեբան Կամբիասսոն:

    Առաջին երկու մրցաշրջանները Մանչինիի հետ հիմնականում ուսուցողական բնույթ էին կրում` փոխվում էր խաղաոճը: Մեր գործերը Ա Սերիայի ֆուտբոլային դաշտում փոփոխական հաջողություններով էին ընթանում, բայց Իտալիայի Գավաթի նվաճելը Ռոմայի դեմ եզրափակիչ խաղում, թիմի, որը հետագայում դարձավ մեր հիմնական մրցակիցը առաջնությունում, դարձավ  Ինտերի ապագա հաղթանակների առաջին քայլը: Եվրոպական մրցաշարում մեր դիրքը, կարծես, ավելի քիչ լավատեսական էր: Ճակատագիրը կրկին իրար դեմ հանեց երկու միլանյան ակումբներին Չեմպիոնների Լիգայում` պատասխան խաղ 2003-ի պարտության համար: Սակայն, ցավոք, խաղը դասավորվեց ոչ մեր օգտին, և առաջին խաղը ավարտվեց 2 -0 հաշվով: Պատասխան խաղի ժամանակ Ներաձուրրիի երկրպագուները ծուխ արտանետող ռումբեր էին վառել, և խաղը դադարեցվեց: Ես չեմ արդարացնում մեր երկրպագուներին, բայց կարող եմ հասկանալ` նրանց համբերությունը հատել էր սահմանը: Սակայն, ընդամենը մի քանի ամիս անց, գլուխկոտրուկի այս մասերը սկսեցին միավորվել և ամբողջական պատկեր դառնալ:

    Հաջորդ տարին շրջադարձային էր: Ոչ միայն Ինտերի համար, այլև ողջ իտալական ֆուտբոլի: Մենք կրկին նվաճեցինք երկրի Գավաթը, իսկ 2006-ի ամռանը Ա Սերիայի բոլոր անհասկանալի հանգույցնեը բացվեցին: 12 տարիների ընթացում, ինչ ես կրում էի սև-կապույտ մարզաշապիկը, Ներաձուրրին հաղթել էր ՈՒԵՖԱ-ի Գավաթը և երկու Իտալիայի Գավաթ, դա շատ չէ, և ես զգում էի, որ մենք զրկվել ենք մի քանի Սկուդետտոյից, և եթե ամեն ինչ արվեր կանոններին համաձայն, ապա Ինտերը կունենար ավելի շատ տիտղոսներ: 

   Այդ ամառը շատ թեժ էր և ոչ միայն եղանակի պատճառով, և նրա համար, որ Սկուադրա Աձուրրան հաղթանակ տարավ Աշխարհի առաջնությունում, վրա հասավ բեկումնային պահ անցյալի և ներկայի միջև: Ես միշտ ծիծաղում եմ, երբ լսում եմ, թե Կալչոպոլլին Ինտերի ձեռքի գործն է, ինչ որ դավադրություն: Մարդիկ, ովքեր լավ տեղեկացված են այս հարցում, գիտեն, որ դա այդպես չէ: Կան փաստեր, ձայնագրված հեռախոսազրույցներ, որոնցից ամեն ինչ պարզ է դառնում:

    Մեզ և մեր երկրպագուների համար շատ դժվար էր անցնել այդ խաբեությունների միջով, իշխանության խաղերի և այլ թիմերի երկրպագուների հեգնանքի, որոնք այդքան սիրում էին երգել` «դուք երբեք չեք հաղթի»: Փոփոխությունները տեղի ունեցան մի քանի մասվա ընթացում: Եվ ճիշտ է, որ որոշները մինչ այժմ չեն կարողանում ընդունել այն, ինչ տեղի ունեցավ: «Համակարգը» տարիներ շարունակ մեզ դուրս էր շպրտում խաղից: Սա չի նշանակում, որ Ինտերի նկատմամբ սովորական սխալներ չէին թույլ տալիս, բայց այդ սխալները միայն խորանում էին ենթատեքստում, որում հայտնվեց իտալական առաջնությունը:

    Ֆուտբոլը, ինչպես ես սկզբում եմ գրել, կարելի է համեմատել ճախարակի հետ, և ես միշտ համոզված էի, որ կգա մեր ժամանակը: 2006-ի Սկուդետտոն տվեցին մեզ, որպես փոխհատուցում այն բոլորի համար, որ գողացվել էր Ինտերից նախորդ տարիների ընթացում: Մենք վերցրեցինք այն, ինչ մեզ էր պատկանում: Ոչ ավելին: Իհարկե, դա մեր մեղքը չէ, որ երկու թիմեր, որոնք մրցաշարային աղյուսակում Ինտերից վեր էին գտնվում, պատժվեցին, իսկ հետո նաև տուգանվեցին: Շատ քննադատներ և լրագրողներ դատապարտեցին Մորատտիի որոշումը` տիտղեսը ընդունել փոստով: Իհարկե, սա նույնը չէ, երբ դու հաղթում ես տիտղոսը, բայց չես կարող տոնել խաղադաշտում` խաղընկերների հետ գրկախառնվելով: Բայց ինչո՞ւ մենք պետք է հրաժարվեինք: Մենք ոչինչ չենք գողացել: Առաջին հերթին, մենք հպարտ ենք լինել Ինտերիստներ, իսկ այս բնութագրումը մեզ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան հազարավոր այլ բառեր:


Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է!

FcInter.am

Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 927 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (07.08.2013 00:11)
2006-ի Սկուդետտոն տվեցին մեզ, որպես փոխհատուցում այն բոլորի համար, որ գողացվել էր Ինտերից նախորդ տարիների ընթացում:

Nax Inter mexk chuner vor 111 xaxer arel er .. erkordner hashvi arnelov vor etqan meznic Sucdetto goxacan hl es mi hatnela qich vor mez tvecin

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats