Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 18. Հարյուրամյակի Ավագը
08.10.2013, 16:34
Մասեր`


18. Հարյուրամյակի Ավագը

     

     «Նրանք մեզ համար ընտրեցին երկնքի և գիշերվա գույները: Նրանք ապստամբներ էին, ովքեր պայքարում էին իրենց երազանքի համար: Նրանք, որ համաձայն չէին, լքեցին «Լ'Օռլոջիո» ռեստորանը և օտարերկրացիներին իրավունք տվեցին ֆուտբոլ խաղալ Ներաձուրրիի դրոշի ներքո: 1908 թվականի մարտի 9-ի երեկոյան, նրանք ընդամենը շուրջ 40 հոգի էին, իսկ այսօր մենք արդեն միլիոնավոր ենք: Անցել է 100 տարի, և մենք նրանց շնորհակալություն ենք հայտնում «Ինտերնացիոնալե» ֆուտբոլային ակումբի համար, մեկ դար գեղեցկության, մարտահրավերների, ակնկալիքների, հաղթանակների և հպարտության համար: Սա  իրադարձություն է, որ համախմբել է անցյալի, ներկայի և ապագայի չեմպիոններին, իրադարձություն յուրաքանչյուր երկրպագուի համար, անկախ տարիքից, նվեր է մեր երեխաներին, սա զգացմունքների 100 տարի է և Solo Inter!»

    Մինչ այսօր մարմնովս սարսուռ է անցնում, երբ հիշում եմ Ջանֆելիչե Ֆակետտիի խոսքերը, Ջաչինտոյի որդու, որ նա ասաց Սան Սիրոյում` ակումբի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը: Ինձ բախտ է վիճակվել անձամբ լսել, և որպես թիմի ավագ, ես վայելում էի այդ անմոռանալի երեկոն, որի մասին հիշողությունը ընդմիշտ կմնա իմ սրտում:

    Երբ ես դուրս եկա խաղադաշտ` ողջունելու երկրպագուներին, այլ մեծագույն Ինտերիստների հետ, ովքեր այնքան շատ հաղթանակներ են նվիրել բոլոր ներաձուրրիներին,  ես ինձ զգացի, կարծես, մի չնչին մասնիկ այն գալակտիկայի, որ կոչվում է «Ինտերնացիոնալե»` բաղկացած ամենաարժանի մարդկանցից, ովքեր հավաքվել էին, որպեսզի մեզ հետ կիսեին այդ եզակի և անկրկնելի պահը: Ավելի քան 80 հազար երկրպագուներ էին եկել Իտալիայի տարբեր ծայրերից, և հնարավոր է նաև արտասահմանից, որպեսզի բարձրաձայնեն իրենց ֆուտբոլային հավատքի մասին, հայտնվեն սև-կապույտ ընտանիքի գրկում և մասը դառնան լեգենդար պատմության: Հենց այդ պահին ես լիովին գիտակցեցի, թե ինչ է նշանակում լինել աշխարհի մեծագույն ակումբներից մեկի ավագը: Լուրջ պատասխանատվություն, բայց, նախ և առաջ, սա մեծ պատիվ և արտոնություն է, որը տրվում է միայն ընտրյալներին: Չեմ կարծում, որ իմ ավագությունը 100-ամյակի պահին զուտ պատահականություն էր: Ես դրա մեջ որոշակի տրամաբանություն եմ տեսնում. թիմի ղեկավարը` արգենտինացի, և հենց դրանում է ամփոփված ակումբի փիլիսոփայությունը` յուրաքանչյուրին իրավունք տալ ֆուտբոլ խաղալ Ինտերի դրոշի ներքո:

   Այդ երեկո կարող էիք վերադառնալ անցյալ և ընկղմվել Ներաձուրրիի պատմության մեջ: Սան Սիրոյով անցան մի քանի տասնյակ նախկին խաղացողներ, այդ թվում նաև Լոտար Մաթեուսը: Մի անգամ մենք արդեն հանդիպել էինք ՖԻՖԱ-ի 100-ամյակի տոնակատարությանը, սակայն հանդիպումը Մեացցայում ինչ-որ յուրահատուկ բան էր թվում: Մենք փոխվել էինք դերերով` նա դարձել էր հանդիսատես, իսկ ես` գլխավոր հերոս: Տարօրինակ և միևնույն ժամանակ հիասքանչ զգացմունքներով լի` ես սեղմում էի անցյալի մեծ խաղացողների ձեռքը, ովքեր մեզ նորանոր ձեռքբերումների էին մղում: Սա նաև հիանալի հնարավորություն էր տեսնել հին ընկերներին, ովքեր տարբեր ժամանակահատվածներում իրենց ներդրում են ունեցել Ներաձուրրիի հաղթական պատմության մեջ:  La Grande Inter-ի խորհրդանիշները` Մացցոլան, Կորսոն, Բուրնիչը և այլոք,  նրանք, ովքեր մարտնչում էին իմ «Ինդեպենդենտեի» հետ 60-ականներին, կամ 80-ականների և 90-ականների հանրահայտ գերմանական խումբը, ի դեմս Ռումմենիգգեի, Կլինսմանի և Բրեհմեի: Ես մեծ ուրախությամբ ողջունեցի Ռոբերտո Բաջոյին, Իվան Սամորանոյին, Նոկոլո Բերտիին, Ջանլուկա Պալյուկային և շատ այլ խաղընկերներիս: Սա մեծ ու զարմանահրաշ ընտանիքի միավորումն էր` հանուն փառահեղ անցյալի հիշատակին:

     Ակումբի հարյուրամյակը տոնելու հետ մեկտեղ իրականացավ նաև իմ մեկ այլ երազանքը` հանդիպում Հռոմի Պապի հետ: Ինձ` կաթոլիկիս համար,  սա իսկապես շատ զգացմունքային պահ էր, որին ես երկար տարիներ էի սպասում, և որն իրականացավ իմ կյանքի ամենաուրախ ֆուտբոլային օրը: Մենք եկանք Հռոմ Իտալիայի Գավաթի խաղի համար, և ես, որպես ավագ, պատիվ ունեցա Ինտերի մարզաշապիկ նվիրել Բենեդիկտ XVI -ին` նրա անվամբ: Դա անմոռանալի պահ էր, որը նման չէր ոչ մի այլ զգացողության:

  Հոբելյանական տարին յուրահատուկ էր նաև նրանով, որ մենք կարողացանք մեր առաջին Սկուդետտոն նվաճել խաղադաշում, նախորդ տարվա իրադարձություններից հետո: Կալչոպոլիի սկանդալը վերաձևավորեց Իտալական առաջնությունը: Յուվենթուսը` Բ Սերիայում, իսկ Միլանը` 8 միավորի տուգանքով, բոլորն, անխտիր, կարծում էին, որ այս իրավիճակից ամենաշատը շահեց Ներաձուրրին: Բայց իրականում ոչ միայն Ինտերը առավելություն ստացավ: Սակայն, բնականաբար, մենք պարտավոր էին դառնալ չեմպիոն: Ամռանը թիմը համալրվեց հիանալի խաղացողներով` Զլատան Իբրահիմովիչ,Պատրիկ Վիերա, Մայկոն,  Էրնան Կրեսպո, Մաքսվելլ և Ֆաբիո Գրոսսո: Այլևս ոչ մի արդարացում, մեր գլխավոր մրցակիցներն արդեն այդքան էլ ուժեղ չէին, և մենք դարձանք համար առաջին թիմը: Բոլորը` լրագրողներից սկսած, մինչ երկրպագուները, հետևում էին մեզ: Բայց պարզապես հաղթանակը բավարար չէր, Ինտերից սպասում էին ավելին: Եվ մենք, ինչպես միշտ միայնակ, պայքարում էինք համընդհանուր քննադատության դեմ, որ առաջնությունը դարձել է շատ թեթև և առանց պայքարի, կարծես, դա մեր մեղքով էր, որ մյուս թիմերն իրենց պատիժն էին կրում: Մեր հասցեին հաճախակի էին հնչեցնում թունոտ և հեգնական արտահայտություններ` «ազնիվ մարդկանց խմբավորում», կարծես թե, Ներաձուրրիի ազնվությունը թերություն էր, այլ ոչ թե արժանիք:

    Այդ պատճառով յուրաքանչյուր խաղին ներդնում էինք մեր ամբողջ ուժը, և ոչ միայն պարզապես հաղթանակի, այլև նոր ռեկորդներ սահմանելու համար: Այդ մրցաշրջանն իրոք յուրահատուկ դարձավ` 97 միավոր, 17 ամընդմեջ հաղթանակ և 33 անընդմեջ խաղ առանց պարտության: Առանց ավելորդ համեստության կասեմ, որ Ինտերի` Սկուդետտոն նվաճելը ոչ մեկի համար անակնկալ չէր, այդ ֆուտբոլային մրցաշրջանում արժանի հակառակորդներ պարզապես չկային: Նույնիսկ Միլանը, որ 8 միավորով էր տուգանվել, շատ էր մեզ զիջում, և երկու դերբիներն էլ ավարտվեցին սև-կապույտ հաղթանակով: Առաջին հանդիպումը շատ հետաքրքիր էր` 4-3 մեր օգտին, Մարկո Մատերացցին` այս հանդիպման գլխավոր հերոսներից մեկը, կարմիր քարտ ստացավ և լքեց խաղադաշտը 4-1 հաշվի ժամանակ, այնպես որ, եթե մենք ամբողջ կազմով խաղայինք, ապա վերջնական արդյունքը կարող էր ավելի լավը լինել: Անձամբ ինձ համար այս ժամանակաշրջանը շրջադարձային էր կարիերայիս համար` ֆուտբոլային խաղադաշտում տարբեր դիրքերում շրջագայելուց հետո, ես, վերջապես, հստակ դիրք զբաղեցրեցի, որն արդեն փորձարկել էի Հոջսոնի օրոք` առաջին մրցաշրջանում: Առաջին հերթին ինձանից պահանջվում էր արագություն և ուշադրություն, ես պետք է կարդայի խաղը և կանխատեսեի իրադարձությունների հետագա ընթացքը:

    Թեև ես պատրաստ եմ խաղալ ինչպես աջից, այնպես էլ ձախից, ինձ համար դա խնդիր չէ, ավելի հաճելի է գիտակցել, որ մարզիչը վստահում է ինձ, և ես կարող եմ օգտակար լինել նրանց տարբեր դիրքերում: Մենք նորանոր հաղթանակների ծարավ էինք, բայց Եվրոպայում մեզ կանգնեցրեց Վալենսիան` երկու ճակատագրական ոչ ոքի, վերջինը ավարտվեց ծեծկռտուքով, որը հրահրեց իսպանացի Նավարրոն Բուրդիսսոյի նկատմամբ սադրանքով: Իհարկե, մենք հիասթափված էինք, սակայն առաջին նպատակը` Սկուդետտոն էր, մենք շատ էինք ցանկանում այն տոնել մեր երկրպագուների հետ ֆուտբոլային խաղադաշտում: Առաջին որոշից հանդիպումը` Ռոմայի դեմ Սան Սիրոյում, անարդյունք էր: Սա չար կատակ էր, գուցե այն պատճառով, որ լարվածությունը չափազանց մեծ էր, կամ այն փաստը, որ տարբերությունն այնքան մեծ էր, որ մեկ անգամ սայթաքելը ոչ մի ազդեցություն չէր ունենա: Եվ որպես փաստ,  2007 թվականի ապրիլի 22-ին Սիենայում իրականացավ երկար սպասված երազանքը: Երկու տասնմեկմետրանոց, որ վաստակեց Մարկո Մատերացցին, և Ինտերը հաղթանակ տարավ,  միևնույն ժամանակ Բերգամոյում Ռոման պարտվեց Ատալանտային: Իտալիայի չեմպիոն: Վերջապես Իտալիայի չեմպիոն ենք: Խաղադաշտում: Տասնութ տարի մենք գլխավերևում չէինք պահել այս Գավաթը` իսկապես կախարդական պահ էր: Թվում էր` բոլոր սպասումներն ու տառապանքները մի ակնթարթում հօդս ցնդեցին: Պատկերացրե'ք միայն, թե ինչ էր կատարվում հանդերձարանում` բուռն խնջույք շամպայնով, երգերով և կատակներով Միլանի և Յուվենտուսի հասցեին: Այդ օրը Սիենան դարձավ մեր կատարսիսը: Մեր ռեվանշը: Մեր առաջին մեծ ուրախությունը: Այդ Սկուդետտոյի ուրախությունը տոնում էինք ամբողջ գիշեր: Երբ մենք վերադարձանք Միլան, թիմը երկհարկանի ավտոբուսով, մեծ շքերթով շրջեց քաղաքի կենտրոնական փողոցներով: Մենք այնքան ոգևորված էինք, որ ընդամենը մի քանի րոպե անց տանիքը երկու մասի բաժանվեց` խենթ տոնակատարության արդյունքում: Դրանով մենք մի տեսակ պատշգամբ էինք ստեղծել, որտեղից կարողանում էինք դիտել մարդկանց անվերջանալի հոսքին: Ես երբեք այդքան մարդ մի վայրում չէի տեսել, նույնիսկ դերբիի կամ Աշխարհի առաջնության խաղերի ժամանակ: Միլանի կենտրոնը դարձել էր Ինտերի խորհրդանիշ, ավտոբուսը շարժվում էր Դուոմո հրապարակով խխունջի տեմպով, որտեղ իսկապես ասեղ գցելու տեղ անգամ չկար: Ի վերջո, դա հաղթանակ էր, որին ակումբը, թիմը և երկրպագուները սպասել էին շատ երկար տարիներ: Ամենուր միաձայն հնչում էր «Ինտե~ր, Ինտե~ր»: Ամենուր կարելի էր տեսնել այս եզակի ակումբի հպարտությունը: Ամենուր, միայն երկու գույներ էին` սև և կապույտ:

     Իհարկե, քննադատների ու չկամեցողների համար, այդ Սկուդետտոն «ստվարաթղթից» էր` տիտղոս, որը նվաճել էինք մրցակիցների բացակայության պատճառով: Շատ քչերն էին, բացի Ինտերի երկրպագուներից, ընդունում, որ Ինտերը ուժով գերազանցում էր բոլոր մյուս թիմերին: Ես խորապես վստահ եմ, որ նույնիսկ ուժեղագույն Ա Սերիայի դեպքում, Սկուդետտոն մերը կլիներ: Ֆիզիկական տեսանկյունից մենք կործանարար առավելություն ունեինք` Իբրահիմովիչից մինչ Ստանկովիչ, Ֆիգուից մինչ Կրեսպո, Կրուզից մինչ Մայկոն և Մատերացցիից մինչ Կամբիասսո:

 Հաջորդ տարի` 2007-2008 մրցաշրջանում, իտալական առաջնությունը վերադարձրեց իր նախկին ուժը` Յուվենթուսը, Նապոլին, Ջենովան կրկին կարող էին լավ մրցակցություն ապահովել: Ինտերը, ինչպես նախորդ տարի, վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, բայց մարտին ամեն ինչ կտրուկ փոխվեց` վնասվածքների անհավանական շարքի պատճառով զիջում էինք մեր դիրքերը, այն դեպքում, երբ Ռոման, ընդհակառակը, թափ էր հավաքում: Ջալլորոսսիի հետ որոշիչ խաղը կայացավ  փետրվարի 27-ին Սան Սիրոյում: Ես երբեք չեմ մոռանա 88-րդ րոպեին խփած այդ գոլը(1-1), որը մեզ թույլ տվեց խուսափել պարտությունից` անկյունայինի խաղարկումից հետո, ես ընդունեցի գնդակը և աջ ոտքով հարվածեցի Դոնիի դարպասին: Անհավանական զգացողություն էր, ինչպես այն, ինչ ես զգացի Փարիզում 10 տարի առաջ: Ուրախությանս չափ ու սահման չկար, ես խենթի պես վազում էի ամբողջ խաղադաշտով` չհավատալով սեփական աչքերիս (այնուամենայնիվ գոլեր խփելն ինձ համար անսովոր է): Այս խաղի ոչ ոքիով Ինտերը թույլ չտվեց, որ Ռոման առաջ անցնի, իսկ ես դարձա «Սկուդետտոյի Կապիտանոն», թեև առջևում դեռ երկար ճանապարհ կար: Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը` Լիվերպուլից կրած պարտությունից հետո, և Ռոբերտո Մանչինիի սենսացիոն հայտարարությունը` մրցաշրջանի ավարտին իր պաշտոնը լքելու վերաբերյալ, ցավալի հարված էին Ներաձուրրիի հանդերձարանի համար:

    Միակ բանը, որ մեզ մնում էր անել` հավաքել ամբողջ ուժերը և նվաճել Սկուդետտոն: Այս բոլոր իրադարձություններից հետո դժվար էր կենտրոնանալը, սակայն մրցաշրջանի ավարտից երկու ամիս առաջ, թիմը ցուցաբերեց իր ուժեղ բնավորությունը, և հատակը սուզվելու փոխարեն, մեր նավն ավելի ամուր էր դառնում: Մեր գլխին թափված խնդիրների և վնասվածքների հետ մեկտեղ, մենք պայքարում էինք նաև Ռոմայի կատարած փորձերի դեմ` միանալ առաջին տեղի համար պայքարին, նույնիսկ, երբ վերջին հանդիպումներն իսկապես բարդացնում էին մրցաշարային աղյուսակում մեր դիրքը: Պարտություն դերբիում, այնուհետև տնային ոչ ոքի Սիենայի դեմ, որտեղ հաղթանակի դեպքում կարող էինք թվաբանորեն նվաճել Սկուդետտոն: Վերջ ի վերջո, ամեն ինչ որոշվեց վերջին խաղում, որը տեղի ունեցավ Էննիո Տարդինի մարզադաշտում Պարմայի դեմ, ճիշտ այնպես, ինչպես 2002-ին: «Մայիսի 5» -ի ուրվականն արդեն համակել էր շատերին, ովքեր արդեն պատրաստ էին տոնել մեր նոր պարտությունը: Սակայն, ի ուրախություն մեզ, պատմությունները միշտ չէ, որ կրկնվում են: Մայիսյան անձրևոտ երեկո էր, երբ Զլատան Իբրահիմովիչը մի քանի րոպեի ընթացքում հաշիվը 0 - 2 դարձրեց, և անսանձ ուրախությունը լցրել էր Ներաձուրրիների սրտերը: Մենք բարձրացնում ենք Գավաթը դեպի երկինք, և Տարդինիից մինչ Սան Սիրո հոսում էր սև-կապույտ գետը: Չեմ կարող ասել, թե որ Սկուդետտոն է ավելի սիրելի: 2007-ինն իմ առաջին սերն է` անմոռանալի և հիշարժան: Երկրորդը` սրտատրոփ, հուզիչ մրցավազք մինչ վերջին վայրկյանը: Երկու տարբեր պատմություններ, բայց միևնույն քաղցր ավարտով: Եվ այժմ, երբ ես վերջապես զգացել եմ հաղթանակի համը, ես չեմ պատրաստվում կանգ առնել:


Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան

Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է!

FcInter.am

Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 931 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Artur   (19.11.2013 02:43)
աբսուրդա, որ էտ պահին Ա սերիայի ուժեղներից մեկին` մեռդային, տենց հեշտ անմեղ տեղը ուղարկեին Բ սերիա

1 tiko11   (17.10.2013 02:09)
mexavorner patjvecin u ardarner nvachecin irenc arjani titxosner@ !!!!! hachelia kardal Zanettii girq@

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats