Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 5: Տրակտորը
02.08.2012, 14:57


Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”


Մասեր`



Գլուխ 5: Տրակտորը


Թեև ես հեռու էի ֆուտբոլային դաշտից մոտ մեկ տարի շարունակ, սակայն ես չէի կորցրել խաղալու ցանկությունը, ոչ էլ մոռացել էի ինչպես դա անել: Ֆիզիկական տեսանկյունից, որքան էլ տարօրինակ է, այս դադարը ինձ վրա լավ ազդեցություն թողեց: Հորս հետ աշխատելով բակում, ես ավելացրեցի մկաններս, ինչպես նաև մի քանի սանտիմետր հասակիս մեջ:
Չնայած փոքր ճգնաժամին և շարունակական մտածմունքներին` որոշեցի վերադառնալ խաղին: Նույնիսկ ամենաբարդ պահերին մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք և ոտքի կանգնենք: Սա այն դասն է, որ ես յուրացրեցի այդ ժամանակ և որը երբեք չեմ մոռանա: Իմ եղբայր Սերխիոն, ով այդ ժամանակ  սկսնակ խաղացող էր, ինձ լավ հնարավորություն տվեց վերադառնալ իմ խաղին: Նա խաղում էր "Տալլերես” թիմում, սա մի փոքր թիմ էր Բուենոս Այրեսի հարավում,  Ռեմեդիոս դե Էսկալադա  բնակավայրում,  Լանուսից ոչ հեռու, որտեղ մեծացել է Դիեգո Արմանդո Մարադոնան, և որը շատ տարիներ անց կդառնա "Պուպի” Հիմնադրամի էպիկենտրոնը:
Ես չէի ցանկանում, որ մարդիկ մտածեին, թե իմ վերադարձը ֆուտբոլային դաշտ տեղի է ունեցել  եղբորս միջոցով կամ ինչ որ մեկը ինձ համար բարեխոսել է: Այդ իսկ պատճառով, երբ Սերխիոն տեղափոխվեց մեկ այլ թիմ, ես անմիջապես հավաքեցի իմ ողջ կամքի ուժը, զինվեցի խաղակոշիկներով և վերցրեցի գնդակը: Ամեն ինչ լավ անցավ և ինձ ընդունեցին: Ֆուտբոլը, կարծես, ինձ երկրորդ հնարավորությունը տվեց: Իմ առաջին մրցաշրջանը ես անցկացրեցի  չորրորդ դիվիզիոնի երիտասարդական թիմում, որտեղ գործնականում սկսվեց իմ կարիերան: "Ինդեփենդենտում” ես գրեթե միշտ խաղում էի որպես հետքաշված հարձակվող, մի դեր որը հիանալիորեն ներդաշնակ էր իմ բնավորության հետ. Ես "leggerino” էի [արագաշարժ և ճարպիկ], ինձ դուր էր գալիս դրիբլինգը, խաղը դարպասների մոտ: Ես խաղում էի դաշտի կենտրոնում, երբեմն` պաշտպանությունում: Նոր դեր ստանձնելը եղավ հաջորդ մրցաշրջանում, երբ ես ընդգրկվեցի հիմնական կազմում: Այդ տարին մենք անցկացրեցինք  Nacional B –ում, որը համարժեք է իտալական Serie B-ին,  և այն իմ առջև բացեց պրոֆեսիոնալ ֆուտբոլի դռները:  
Սակայն այն ժամանակ իմ գլխավոր խնդիրն այն էր, որ բացի ֆուտբոլից ես պետք է "հաց” բերեի տուն: Ես միշտ օգնել եմ իմ ընտանիքին, և այն փաստը, որ ես կրկին սկսել եմ խաղալ, չէր կարող ինձ "ազատել” ընտանիքիս ֆինանսապես աջակցելուց: Այդ իսկ պատճառով ես նոր աշխատանք գտա: Որմնադիր –ֆուտբոլիստից ես դարձա աշխատող տղա-ֆուտբոլիստ: Առավոտյան ժամը չորսից ութը ես հագնում էի կաթ բաժանող տղայի համազգեստը, գնում էի տնից տուն և բաժանում շշերով կաթ, իսկ երբ ամեն ինչ վերջացնում էի, գնում էի դպրոց: Կեսօրից հետո գնում էի մարզումների: Իսկ երեկոյան հոգնածությունից ոտքի վրա չէի կարողանում կանգնել:  Դժվար կյանք էր, բայց ես հաճույքով  և մտածված գնում էի դրան, որովհետև գիտեի, որ դա, հավանաբար, իմ վերջին հնարավորությունն է ֆուտբոլում ինչ որ բանի հասնելու: Գնացքին սովորաբար մեկ տոմս է տրվում, և եթե դու այնքան հաջողակ ես, որ երկրորդն ես ստացել, ապա պետք է այն անպայման օգտագործել:
Այսպես անցավ մեկ տարի, մինչ ես խաղում էի երիտասարդական թիմում: Բայց երբ ես հայտնվեցի առաջին թիմում, տնօրենն ինձ ասաց, որ այսպես այլևս չի կարող շարունակվել:  Կամ խաղը, կամ աշխատանքը:  Ես նրանց անմիջապես ասացի, որ ինձ գումար է անհրաժեշտ ընտանիքիս օգնելու համար: Նրանց պատասխանը նույնպես չհապաղեց, նրանք ասացին, որ ես չանհանգստանամ, և շուտով  ես կնքեցի իմ առաջին պրոֆեսիոնալ կամ գրեթե պրոֆեսիոնալ պայմանագիրը: Առաջին մրցաշրջանը փորձառու խաղացողների հետ բավականին հաջող անցավ: Ես 17 անգամ դուրս եկա խաղադաշտ, գոլի հեղինակ դարձա և ընդգրկվեցի Լիգայի լավագույն երիտասարդ խաղացողների ցուցակում:  Հենց այդ ժամանակ էր, որ իմ "Պուպի”  մականունը ծնվեց: Այդ ամենը իմ եղբոր "մեղքով” էր, երբ նա դեռ հանդես էր գալիս "Տալլերեսում”: Երբ ես միացա  թիմին, այնտեղ արդեն հինգ Խավիեր կար, բացի ինձանից: Ինձ ավտոմատ այդ մականունը շնորհեցին, որպիսի մեզ ինչ որ կերպ հնարավոր լինի տարբերակել: "Պուպի”-ն չի տարգմանվում,  այն պարզապես կարճ մականուն է, որը կարելի է արագ արտաբերել, և որը հատկապես օգտակար է խաղադաշտում, երբ ամեն ինչ որոշում է արագությունը:
Ամեն ինչ աստիճանաբար սկսվեց ընթանալ իր հունով: Խաղալով "Տալլերեսում”, ես ծանոթացա Պաուլայի հետ,  ով դարձավ իմ ողջ կյանքի սերը: Գրավել նրա սիրտը ինձ օգնեց ընկերս` Ռոբերտոն, ով նույն դպրոցն էր գնում Պաուլայի հետ, և ինչպես յուրաքանչյուր հեքիաթում մեզ մոտ էլ եղավ երջանիկ ավարտ: Մի անգամ մենք Ռոբերտոյի հետ գնացել էինք սուրճ խմելու, հանկարծ ես տեսա նրան  և  տեղում քարացա:  Սկսեցի ընկերոջս հարցուփորձ անել նրա մասին, երբ կրկին տեսա նրան  բասկետբոլ խաղալիս, այդ ժամանակ Պաոլան իր ողջ էությամբ պաշտպանում էր "Տալլերես” սպորտային ակումբի գույները: Ով գիտի, գուցե մարզիկներն իրար ավելի լավ են հասկանում: Խաղից հետո, որին ներկա էի իմ համախոհ Ռոբերտոյի օգնությամբ, ես հավաքեցի համարձակությունս և մոտեցա նրան: Այնուհետև սկսեցի տարբեր "պատահական” հանդիպումներ կազմակերպել, որոնք ուղեկցվում էին էմոցիաների մեծ փնջով, ես օգտագործում էի յուրաքանչյուր պատրվակ նրա հետ հանդիպելու և խոսելու համար: Ի վերջո իմ բոլոր ջանքերը վարձատրվեցին: Մենք սկսեցինք հանդիպել, ես 18 տարեկան էի, նա `14, և մենք այլևս չբաժանվեցինք:
Ես վերադառձել էի որպես ֆուտբոլիստ, ես կարող էի օգնել ընտանիքիս, առանց այլ աշխատանք կատարելու և վերջապես գտել էի իմ սերը:  Վերջապես գտնվեց մութ թունելից դուրս գալու ճանապարհը, որի միջով քայլում էի շուրջ երկու տարի: "Տալլերեսում” անցկացրած տարիները ինձ համար լավ փորձ էր, և արդեն 20 տարեկանում իմ առջև բացվեցին արգենտինական առաջին դիվիզիոնի դռները: 1993 թվականի ամռանը ես միանգամից մի քանի առաջարկ ստացա: Շատ ակումբներ էին հետաքրքրված ինձնով, այդ թվում նաև "Բանֆիլդը”` Մեծ Բուենոս Այրեսի Լոմաս-դե-Զամորա շրջանի ակումբներից մեկը: Նրանք որոշեցին ինձ հետ պայմանագիր ստորագրել, իսկ այդ ժամանակ իմ "գինը”  160 000 դոլլար էր, ակումբի տասը բաժնետերեր հավաքվեցին, յուրաքանչյուրը իր ակտիվից մեկ բաժնետոմս զոհաբերեց: Եվ արդեն մի քանի օր անց ես հայտնվեցի Արգենտինայի բարձրագույն առաջնությունում` ամբողջությամբ պատրաստ ինձ անմնացորդ նվիրել իսկական ֆուտբոլին, ինչի մասին այդքան երկար երազել էի:
Եվ այսպես, "Ինդեփենդենտի” կամ այլ մեծ ակումբի մարզաշապիկը հագնելու փոխարեն, ես հագա համեստ "Բանֆիլդի” մարզաշապիկը (ակումբ, որը միշտ իմ սրտում տեղ կունենա), ինչի համար անչափ ուրախ էի, հատկապես հիշելով անցած դժվարությունները:  Ինձ պարուրել էր էմոցիաների մի մեծ ալիք, և ես պատրաստ էի բարձունքներ նվաճել: Երկու մարզիչներ` Օսկար Լոպեսը և Օսկար Կավալյերոն, ինձ շնորհեցին 4 համարը, և այդ օրվանից այն միշտ ինձ հետ է: Արգենտինական մեծ անունների հետ դեբյուտը տեղի ունեցավ  հսկայական "Մոնումենտալ Ռիվեր Փլեյտ” մարզադաշտում: Եվ այն դարձավ մեծ վերելքի սկիզբ: 1994 թվականի նոյեմբերին Արգենտինայի հավաքականի մարզիչ Դանիել Պասսարելլան առաջին անգամ ինձ հրավիրեց հավաքական: Սկզբում մոտ կես տարի առաջին դիվիզյոնում, այնուհետև հնարավորություն պաշտպանել հավաքականի գույները, սա կարծես երազ լիներ: Իմ առաջին հանդիպումը հավաքականի կազմում անցկացրեցի նոյեմբերի 16-ին Չիլիի հավաքականի դեմ, որն ավարտվեց  3-0, մեր օգտին: Այս մրցաշրջանը ես ավարտեցի 37 անցկացված խաղերով և մեկ խփած գնդակով: Հաջոր
դ տարի ես նույնպես վստահորեն առաջ էի շարժվում և հենց այդ ժամանակ ինձ սկսեցին անվանել "el Tractor” [Տրակտոր]` Մարադոնայի լեգենդար մեկնաբանի` Վիկտոր Մորալեսի թեթև ձեռքով: Նա նշում էր, որ ես ուժեղ ոտքեր ունեմ, և ինձ դժվար է կանգնեցնել (շնորհակալություն նրանց, ովքեր փոքրիկ Խավիերին նվազ և թույլ էին անվանել):
Երկրորդ մրցաշրջանը "Բանֆիլդում” ես անցկացրեցի մեկնարկային կազմում, այն դեպքում, երբ Հավաքականում հաճախ դուրս էի գալիս փոխարինման: Ես սկսեցի խաղալ Խուլիո Կրուսի հետ` երիտասարդ խոստումնալից հարձակվողի, ով նոր էր սկսում իր ուղին պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Ով կարող էր մտացել, որ մի քանի տարի անց մենք կհանդիպենք նրա հետ` որպես մի ակումբի զինվորներ, որը օվկիանոսից այն կողմ կգտնվի և մենք կհագնենք սև-կապույտ մարզահագուստ:

Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է


Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: tiko11 | Տեգեր: Գլուխ 2: Ինտեր. Առաջին նշանները, կերտել ապագա, Գլուխ 3: Ապրել ֆուտբոլով!, Գլուխ 4: Կառուցել տուն, Գլուխ 1: Մարտին
Դիտումներ: 1753 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Tigran   (15.11.2012 06:25) [Материал]
oscar lopesy pyuniki arajva trenery parzvuma zanetiyi trenerna exel

1 tiko11   (02.08.2012 15:18) [Материал]
gnalov es girq@ idzn aveli shata dur galis... inch mec djvarutyamba Zanettin hasel ira uzacin halala iran inq@ MEC MARDA... anhamber kspasem sharunakutyan@ mersi gragret targmanutyan hamar Ashxen jan 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz