Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 17: Ալբիսելեստա
28.08.2013, 22:25
Մասեր`


Գլուխ 17. Ալբիսելեստա


   Ինձ համար երբեք դժվարություն չի ներկայացրել կտրել անցնել հազարավոր կիլոմետրեր, որպեսզի հագնեմ հավաքականի մարզաշապիկը: Տասնհինգ տարվա կյանք Իտալիայում, բայց ես առաջվա պես հիացած եմ «Ալբիսելեստայով», և , հավանաբար, արդեն միշտ կզգամ այդ սպիտակ-երկնագույն ձգողականությունը, պատրաստ լինելով ցանկացած ժամանակ, չզգալով հոգնածություն և չնայած տարիքին, նստել ինքնաթիռ և իմ ներդրումն ունենալ ազգային հավաքականի խաղում:  Ոչինչ չի փոխվել, ինչպես շատ տարիներ առաջ, ես խորապես սիրահարված եմ Արգենտինայի հավաքականին, և ինձ համար մեծ պատիվ է պաշտպանել նրա գույները, լինեմ ես 20, թե 30 տարեկան:

    «Ալբիսելեստայի» կազմում իմ դեբյուտը բավական վաղ տեղի ունեցավ` 20 տարեկան էի, երբ խաղում էի Բելֆիլդում, Դանիել Պասսարելլան ինձ հրավիրեց Չիլիի դեմ ընկերական խաղին: 1994 թվականի Աշխարհի առաջնության հիասթափությունից հետո, որն անցկացվում էր ԱՄՆ-ում, և որը գրեթե վերջակետ դրեց Դիեգո Մարադոնայի կարիերայում, թիմը վերակառուցման կարիք ուներ: Դա հիանալի մեկնարկ էր` 3 - 0  ի օգուտ Արգենտինայի: Ով կարող էր պատկերացնել, որ իմ արկածները հավաքականի հետ կշարունակվեն ավելի քան 15 տարի, և ես հուսով եմ, որ լավագույնը դեռ առջևում է: Իմ ֆուտբոլային լավագույն ցանկություններից մեկը` խաղալ 2010 թվականի Աշխարհի առաջնությանը ՀԱՀ-ում, այդ ժամանակ ես գրեթե 37 տարեկան կլինեմ, բայց եթե ամեն ինչ հաջող ընթանա, կարծում եմ, կկարողանամ օգտակար լինել թիմին: Վերջ ի վերջո, ես պետք է բուժեմ վերքերս, քանզի սպիտակ-երկնագույն մարզաշապիկով դեռ չեմպիոն չեմ դարձել, մի քանի անգամ հաղթանակը շատ մոտ էր, սակայն պատվո հարթակի վերին աստիճանին մենք այդպես էլ չհասանք:

    Սակայն ինչ էլ որ լինի, ես երջանիկ եմ կրել «Ալբիսելեստայի»  մարզաշապիկը, լինել նրա ավագը և պահպանել ռեկորդը (այժմ իմ հաշվին 129 հանդիպում կա), և ես չեմ պատրաստվում կանգ առնել ձեռք բերվածի վրա: Երբ նայում ես այն խաղացողների ցուցակին, ովքեր իմ հետևում են մնացել` Սիմեոնե, Ռուջերի, Մարադոնա, Օրտեգա, Բատիստուտա, Պասսարելլա, ապա մարմնովդ ակամա սարսուռ է անցնում: Հպարտ եմ, որ իմ անունը հայտնվել է ազգային հավաքականի պատմության մեջ և դառնում է արգենտինական ֆուտբոլի խորհրդանիշը, թեև ես Հայրենիքում այդքան էլ շատ չեմ խաղացել: Եվ ես կցանկանայի, որ Զանետտի ազգանունը դրական էմոցիաներ արթնացնի, ոչ միայն ֆուտբոլային դաշտում, այլև դրա սահմաններից դուրս: Ես դեմ եմ կռապաշտությանը սպորտում, պարզապես ցանկանում եմ, որ իմ հայրենակիցները իմանան` որքան եմ ես կապված իմ երկրին, թեև ապրում եմ հազարավոր կիլոմետրեր հեռու հարազատ տնից:

    Իմ առաջին իրական արկածը «Ալբիսելեստայի»  հետ Սանտյագոյում կայացած դեբյուտից հետո, տեղի ունեցավ 1996 թվականի Օլիմպիական խաղերին Ատլանտայում: Մինչև 23 տարեկանների հավաքականի կազմում Պասսարելլայի գլխավորությամբ մենք նվաճեցինք մրցաշարի արծաթե մեդալները: Սա միակ դեպքն էր, որ ես մասնակցեցի այդ առաջնությանը, և այդ մասին հիշողությունները ընդմիշտ կմնան իմ սրտում: Ամբողջ աշխարհից մարզիկները հավաքվել էին միասին և ընկղմվել տոնի և եղբայրության մթնոլորտի մեջ`միանգամայն յուրօրինակ զգացողություն է: 1928 թվանակից ի վեր Արգենտինային չէր հաջողվում հայտնվել մրցանակային եռյակում, այդ պատճառով 96-ի ամռանը մեզանից այդքան շատ էին ակնկալում: Պասսարելլան հավաքեց թիմ երիտասարդ խաղացողներից, ովքեր արդեն իրենց թիկունքում որոշակի փորձ ունեին, և հենց այդ երիտասարդները հետագայում դարձան ազգային հավաքականի հիմքը` Դիեգո Սիմեոնե, Էրնան Կրեսպո, Մատիաս Ալմեյդա (ովքեր հանդես են եկել Ինտերում), Այալան, Սենսինին, Օրտեգան, Չամոտը, Լոպեսը (ովքեր հանդես են եկել Ա Սերիայի այլ ակումբներում):

    Բոլոր խաղադրույքները կատարվում էին Արգենտինայի և Բրազիլիայի միջև եզրափակչի համար, Ռոնալդոյի, Ռոբերտո Կառլոսի, Ռոբետոյի, Ժունինյոյի թիմի, բայց, ի զարմանս բոլորին, «Սելեսաոն» պարտվեց կիսաեզրափակչում Նիգերիայի հավաքականին: Իսկ մենք` Կրեսպոյի երկու գոլերի շնորհիվ,  հաղթեցինք պորտուգալացիներին և հանդիպեցինք «Սուպեր արծիվներին»` առաջին տեղի համար պայքարում: Ալմեյդան, Սիմեոնեն, Կրեսպոն, ես ընդդեմ Նվանկվո Կանուի և Տարիբո Ուեսթի, ուշագրավ խաղ էր: Առաջին գնդակը 4-րդ րոպեին խփեց Լոպեսը, այնուհետև Բաբայարոյի ջանքերով հաշիվը դարձավ 1 - 1, տասնմեկմետրանոց Կրեսպոյից և պատասխան հարված Ամոկաչիից: Մենք մտովի արդեն նախապատրաստվել էինք լրացուցիչ ժամանակին, սակայն եզրափակիչ սուլիչից 3 րոպե առաջ Ամունիկեն գնդակն ուղարկեց մեր դարպասը, և Արգենտինայի հավաքականը դարձավ 1996 թվականի ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր` երկրորդ աստիճանին կանգնելով առաջին անգամ 68 տարվա ընթացքում:

    2004 թվականին Ամերիկայի Գավաթում հաջողությունը երես թեքեց մեզանից մեր գլխավոր մրցակցի` Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում: Դա ներաձուրրիի գույներով խաղ էր: Եվ հենց Ինտերի խաղացողը իր գոլով հանդիպման 93-րդ րոպեին գրեթե  որոշեց ոսկու ճակատագիրը: Խոսքս Ադրիանոյի մասին է, ով հավասարեցրեց հաշիվը խաղատախտակին:Այնուհետև սկսվեց  տասնմեկմետրանոց հարվածաշարը, որի արդյունքում հաղթող դուրս եկավ ''Սելեսաոն'': Բարզիլացիներն ավելի դիպուկ էին իրենց հարվածներում, և Ժուլիո Սեզարը (իմ ապագա խաղընկերը) հետ մղեց Դ'Ալեսսանդրոյի հարվածը: Արգենտինական երազանքը ակնթարթորեն չքացավ, երբ դրան ամենաքիչն էին սպասում:

    Չնայած Օլիմպիական խաղերի առանձնահատուկ մթնոլորտին, որպես իրական մարզական արժեքների հիմն և Ամերիկայի Գավաթի տեղական կոլորիտին, ակնհայտ է, որ ցանկացած խաղացողի համար Աշխարհի առաջնությունն  ունի առաջնային նշանակություն: Սակայն այս մրցաշարին մասնակցելը հանդիսանում է երազանքների իրականացում  և ֆուտբոլիստի կարիերայի գագաթնակետ: 1998 թվականին Արգենտինայի հավաքականը դուրս եկավ Մունդիալի եզրափակիչ փուլ, որն անցկացվում էր Ֆրանսիայում, ընդամենը մի քանի ամիս էր անցել, ինչ Ինտերը հաղթել էր ՈՒԵՖԱ-ի Գավաթը, և դա առաջին առաջնությունն էր առանց Մարադոնայի: Մենք մրցաշարի ֆավորիտներից մեկն էինք: Թիմի կազմը բաղկացած էր հիմնականում օլիմպիական արծաթե մեդալակիրներից, ինչպես նաև այլ աստղերից, ի դեմս Բատիստուտայի և Վերոնի, ովքեր նույնպես խաղացել են Ինտերում:  Մեկնարկը հիանալի էր` երեք խաղ և երեք հաղթանակ` Ճապոնիայի, Ջամայկայի և Խորվաթիայի դեմ: Սակայն 1/8 եզրափակչում մեզ սպասում էր հանդիպում, որից բոլորը ցանկանում էին խուսափել, խոսքը Անգլիայի հավաքականի մասին է: Տասներկու տարի էր անցել այն անմոռանալի խաղից, երբ «Աստծո ձեռքը» կանխորոշեց «Ալբիսելեստայի» հաղթական շքերթը մրցաշարում, որն ավարտվեց 86 թվականի Աշխարհի Գավաթի նվաճումով: Իհարկե, այդ ժամանակվանից շատ բան էր փոխվել, իսկ Ֆոլկլանդյան պատերազմի մասին հիշողությունները ծածկվել էին ամենատարբեր մանրուքների շերտերով: Սակայն մրցակցությունը մնում է նույնը, և մեզանիչ շատերի համար, ովքեր 86-ին երեխա են եղել, Անգլիայի դեմ խաղը մեծ նշանակություն ուներ: Մի քանի օր շարունակ բոլորը խոսում էին այն մասին, որ բրիտանացիները պատրաստվում են վրեժխնդիր լինել Մեքսիկայում կրած պարտության համար, իսկ մենք, մյուս կողմից, ցանկանում էինք ապացուցել, որ այդ արդյունքը պատահականություն կամ պարզապես բախտի բերում չէր: Խաղադաշտում սկսվեց իսկական ճակատամարտ` տասնմեկմետրանոց Բատիաստուտայից և պատասխան տասնմեկմետրանոց Շիրերայից, ևս մեկ գոլ Մայքլ Օուենից:  45-րդ րոպեին Վերոնը խաղարկում է տուգանայինը, անսպասելիորեն գնդակը փոխանցում է ինձ` ուղիղ հարվածի փոխարեն, անգլիացի դարպասապահն արդեն  ոչինչ անել չէր կարող, և հաշիվը դառնում է 2 - 2: Սա իմ ամենակարևոր գոլերի մեկն է: Անշուշտ, այն չի կարելի համեմատել Մարադոնայի գոլի հետ, բայց հենց այս խփած գնդակը մեզ վերադարձրեց հաղթանակի ճանապարհին: Մենք լի էինք ուրախությամբ` մինչ ես կհասցնեի ինչ-որ բան հասկանալ, խաղընկերներս թափվեցին ինձ վրա և նրանց գրկախառնությունների ծանրության տակ ես հայտնվեցի կանաչ խոտածածկին, իսկ այդ ընթացքում տրիբունաներում ծածանվում էին սպիտակ-կապույտ դրոշները, և մեկնաբանները ուրախությունից խենթանացած բղավում էին նվիրական ''Գոոոոոոոոոոոլ!'': Երկրորդ խաղակեսում հաշիվը չփոխվեց: Չնայած Բեքհեմի հանրահայտ կարմիր քարտին, որը նա ստացավ Սիմեոնեի դեմ խախտման ոչ սպորտային պատասխանի համար, բրիտանացիները կարողացան ձգել մինչ տասնմեկմետրանոցները: Եվ կրկին տասնմեկմետրանոց հարվածաշարը որոշում էր մեր ճակատագիրը, բայց այս անգամ հաջողությունը մեր կողմն էր: 12 տարի անց, Արգենտինան կրկին հաղթանակ տարավ Անգլիայի նկատմամբ: Թերևս հենց այդ պահին, մենք իսկապես հավատացինք, որ կարող ենք հասնել մինչ եզրափակիչ և դառնալ չեմպիոն: Բայց դրա փոխարեն, Նիդեռլանդների դեմ խաղում` անգլիացիների դեմ ճակատամարտից հոգնած, մենք պարտվեցինք` բախտը թեքվեց դեպի հակառակորդը, որոշիչ և այդքան գեղեցիկ գոլը Բերկամպը խփեց 90-րդ րոպեին:

    4 տարի անց Աշխարհի առաջնությանը , որը անցկացվում էր Հարավային Կորեայում և Ճապոնիայում, մեզ կրկին համարում էին ֆավորիտներ: Մենք մահվան խմբում էինք` Անգլիա, Նիգերիա, Շվեդիա: Առաջին խաղը «սուպեր արծիվների» դեմ հաղթանակ բերեց մեզ, և այդպիսով վրեժխնդիր եղանք 96-ի Օլիմպիադայի համար: Երկրորդ մրցակիցը Անգլիան էր , միակ գնդակը այս խաղում տասնմեկմետրանոցից խփեց Դեվիդ Բեքհեմը: Շվեդիայի դեմ խաղը ավարտվեց ոչ-ոքիով, և մենք շատ քիչ միավոր ունեինք, որպեսզի շարունակեինք պայքարը: Հուսահատության և հիասթափության զգացումով, մենք վերադարձանք տուն:

   Անցավ ևս 4 տորի, և ես ուժգին ապտակ ստացա, թեև չեմ կարող ասել, թե շատ զարմացած էի: Խոսե Պեկերմանը, ով գլխավորել էր «Ալբիսելեստան» 2006 թվականին,  իմ անունը չընդգրկեց այն խաղացողների ցանկում, ովքեր պետք է մեկնեին Աշխարհի առաջնությանը Գերմանիա: Այդ ամառն ինձ համար դարձավ և’ քաղցր,  և’ դառը: Մի կողմից, Ինտերին վերադարձրեցին այն, ինչը գաղացվել էր, մյուս կողմից` Խավիեր Զանետտիի բացակայությունը Աշխարհի առաջնությունում: Վերջ ի վերջո, իմ համբերատարությունը պարգևատրվեց, և Ալֆրեդ Բասիլեն կրկին դարձավ Արգենտինայի հավաքականի մարզիչ, իսկ ես վերադարձա ազգային հավաքականի տրամադրության տակ:

   Այժմ աշխարհում ամենից շատ ես ցանկանում եմ խաղալ, առնվազն, հաջորդ Աշխարհի առաջնությանը, որտեղ հուսով եմ, որ Արտենգինան, վերջապես, կդառնա չեմպիոն, և ես կմոռանամ անցած անհաջողությունները: Այժմ մեզ հետ Դիեգո Մարադոնան է` իսկական կուռք, ով մեզ` արգենտինացիներիս համար, միշտ կմնա աստվածային: Դիեգոն լավ արդյունքներ է ցուցադրում մարզչի դերում, և բացի այդ, նա շատ բարեհամբույր և հանգիստ մարդ է, հստակ գիտի, թե ինչ է ուզում: Նրա և հանճար Լեո Մեսսիի հետ, ես հավատում եմ, որ մենք կարող ենք շատ բաների հասնել:


Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան

Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է!

FcInter.am

Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1921 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (29.08.2013 01:58) [Материал]
Argentinain misht favoritneri tvuma linum bayc amen angam inch vor ban chi heriqum timin.. kam baxt, kam motivacian..

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz