Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 11. Ավագի մկանները
15.11.2012, 03:39
Մասեր`


Գլուխ 11. Ավագի մկանները


Հաջորդող մրցաշրջանում  կրկին  չիրականացան հազարավոր սպասումներ: Եվս մեկ անգամ Մորատտին ամեն ձևով փորձեց նախապատրաստել թիմ, որն ի վիճակի կլիներ մրցակցել բոլոր մրցաշարերում: Ավելի շատ մեծագույն խաղացողներ եկան, այդ թվում Ռոբերտո Բաջջոն, ում վիճակված էր դառնալ իմ ամենամոտ ընկերներից մեկը:
Ռոբիի նկատմամբ միանգամից համակրանք առաջացավ: Նա կորցրել էր իր սերը` Արգենտինան, մի երկիր, որտեղ նա  հաճախ անցկացնում էր  արձակուրդներն իր կալվածքում: Դա  է պատճառը, որ  մեր միջև անմիջապես փոխադարձ համակրանք առաջացավ, մասամբ  նաև  բնավորությունների նմանությունը նպաստեց դրան:  Արտաքինով երկուսս էլ  բավականին երկչոտ ենք երևում, բայց իրականում  մենք մարդիկ ենք, ովքեր  սիրում են ծիծաղել և կատակել ընկերների շրջապատում:  Ինձ համար մեծ պատիվ  էր   խաղալ այնպիսի հանճարի հետ, ինչպիսին  Բաջջոն է: Ափսոս, որ նա Ինտեր  եկավ  չափազանց ուշ և որոշ ֆիզիկական խնդիրներով: Միայն նրա ներկայությունը,  իր բարձր կարգի հետ համատեղ,  շատ կարևոր դեր ունեցավ  այն երկու տարիների ընթացքում, որ նա անցկացրեց Միլանում: Ռոբին իմ այն թիմակիցներից մեկն է, Իվան Զամորանոյի հետ, ում ես ամենաշատն եմ կարոտում: Եվ, անկասկած, իմ պատկերացրած Ինտերում նա միշտ ունի իր տեղը`   իր 10  համարի  մարզաշապիկով:

  Մեր ընկերությունը չէր սահմանափակվում  միայն խաղադաշտում: Մենք շատ արձակուրդներ ենք անցկացրել միասին Արգենտինայում , և նա ինձ տվեց կյանքիս ամենալավ նվերներից մեկը: Մի գիշեր, երբ մենք  առանձնասենյակում էինք, նա ինձ ցույց տվեց մի տեսագրություն, որտեղ որս է անում մի քանի շների հետ: Նրանց մեջ մի երիտասարդ լաբրեյդոր կար, որն ինձ միանգամից շատ դուր եկավ: Մի քանի օր անց մենք դրսում ճաշում էինք: Հանկարծ Ռոբին ինձ խնդրեց իր հետ գնալ մեքենայի մոտ ու մի րոպեով օգնել: Նա բացեց դուռը , և մեքենայի խցիկից  պոչը  թափահարելով դուրս ցատկեց այն նույն շունը, որին տեսել էի տեսագրության մեջ: "Սա քո նվերն է”,- ասաց  նա: Այդ օրվանից  Սիմբան  իմ ընտանիքի անբաժան մասն է:

 Միաժամանակ, վերադառնալով ֆուտբոլին, նշեմ, որ, այդ ժամանակ թիմը ղեկավարում էր  Ջիջի Սիմոնին, բայց  մի քանի օր անց մարզիչի պաշտոնում մեկ այլ փոփոխություն հաստատվեց: Չնայած նախորդ տարվա լավ արդյունքներին, և նաև այն , որ թիմը  դեռ մրցում էր չեմպիոնների լիգայում, ղեկավարությունը որոշում կայացրեց հեռացնել Ջիջիին, մի մարդու, որին  բոլոր խաղացողներն էին սիրում, բայց որն ամենակարևորն է, նա իսկական ինտերիստ էր: Դա է պատճառը, որ  երկրպագուները դեռ մեծ կապվածությամբ են հիշում նրան: Նրան հաջորդողը Միրչա Լուչեսկուն էր, բազմիցս ճանապարհորդած ռումինացի, գործի մեծ գիտակ , որը նաև շատ ընկերական էր խաղացողների հետ: Նրա հետ Լուգանոյի դեմ ընկերական խաղի ժամանակ ես խաղացի որպես երկրորդ հարձակվող:  Սկիզբը նոր մարզչի հետ շատ խոստումնալից էր` գոլերի տարափ լիգայում, հատկապես Սան Սիրոյում, որտեղ  գրեթե բոլոր հակառակորդները ստիպված էին թանկ վճարել: Սակայն ամեն ինչ աստիճանաբար բարդանում էր: Ոչ արժանի դուրս մնացինք չեմպիոնների լիգայից,   Մանչեստր Յունայթեդի հետ խաղի ընթացքում (Սիմեոնեի գոլը անարդար ձևով  չեղյալ համարվեց) և  փոփոխական իրավիճակը առաջնությունում հանգեցրին մեկ այլ հեռացման:  Իրավիճակն  այդ ժամանակ վատթարացած էր, թիմը կախված էր իրադարձությունների քմահաճույքից, և մթնոլորտը բավականին լարված էր: Դա միանշանակ  ամենաբարդ մրցաշրջանն էր, իմ Ինտերի եղած տարիներում: Այդ շարունակվող փոփոխությունները խաղացողներին չէին ուրախացնում:
Այնուհետև թիմի մարզիչ դարձավ Լուչիանո Կաստելլինին, ով մինչ այդ դարպասապահի մարզիչն էր: Խաղացողների կողմից նա գնահատվում էր իր կազմակերպչական ու տեխնիկական ունակությունների, ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ: Բայց իրավիճակը դեպի լավը չփոխվեց: Դրա պատճառով մենք ավելի հուսահատ ու նյարդային վիճակում էինք:

Giaguaro-ի արկածը, այսպիսի մականունով էին բոլորը կոչում Կաստելլինիինi, տևեց ընդամենը  չորս խաղ: Եվս մեկ փուլ, ևս մեկ հեռացում: Այդպիսով Ռոյ Հոջսոնը վերադարձավ մրցաշարային վերջին չորս  օրերի ընթացքում: Նա այն մարզիչն էր, որ մեզ հասցրեց ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ: Մենք այդ մրցաշրջանը փակեցինք  շատ վատ արդյունքներով ` գրավելով ութերորդ տեղը և 24 միավորով զիջելով Միլանին` Իտալիայի չեմպիոնին: Բայց մենք չկարողացանք նույնիսկ  մտնել Եվրոպայի գավաթի առաջնություն, որովհետև պարտվեցինք նույնիսկ Բոլոնիային  փլեյ-օֆֆ  փուլում: Այդ տարի մենք չորս մարզիչ փոխեցինք, և  դա Ինտերում ունեցած իմ  ամենամռայլ շրջաններից է : Եվ դա միայն մեր սխալների պատճառով էր, ոչ  վատ մրցավարությունն էր  պատճառը, ոչ էլ հետապնդող անհաջողությունը: Դա ուղղակի մի քանի երևույթների ամբողջություն էր: Երևի չափազանց մեծ էր ճնշումը, կամ էլ հավանաբար թիմն էր շատ մեծ, կամ էլ  պատճառը կարող է լինել  մարզչի պաշտոնում հաճախակի կատարվող փոփոխությունները: Փաստն այն է , որ ոչ ոք չէր կարող պատկերացնել այդպիսի վատ մրցաշրջան: Ամենածանրը Մորատտիի համար էր, որը շատ է սիրում իր Ինտերին  և  չէր ուզում հանձնվել: Եվ հաջորդող մրցաշրջանում Միլան հրավիրեց  վերջին տարիների ամենահաջողված մարզչին `Մարչելո Լիպպիին, մեր պատմական թշնամի Յուվենտուսի նախկին մարզչին:
 Ինձ համար նոր տարին սկսվեց հաճելի նորություններով: Տարիների պատվավոր  կարիերայից հետո, որը Բեպպե Բերգոմին ամվողջությամբ նվիրել էր Ինտերին, որոշեց  իր խաղակոշիկները կախել մեխից: Խաղակոշիկներից բացի, lo Zio-ն նաև թողեց իր լեգենդար ավագի թևկապը, որը նա պատվով և արժանիորեն կրել էր շատ մրցաշրջաններ շարունակ: Բերգոմիի հետ հեռացավ նաև Ջանլուկա Պալյուկան` դարպասապահը, և Ինտերի մյուս սիրելին, որը մինչ այդ  հանդիսանում էր փոխավագ: Այսպիսով մենք մնացինք առանց  մեր պատմական  առաջնորդների, առանց այդ հարուստ փորձով խաղացողների, առանց դաշտի ներսում և դաշտից դուրս գտնվող այդ  երկու սյուների,  առանց երկու հանճարեղ մարդկանց ու խաղացողների: Այդ տարի  թիմը բավականին երիտասարդ էր, ավելի ճիշտ, մի քանի խաղացողներ կային , որ երկար ժամանակ խաղացել էին Ինտերի կազմում: Ինտերի ավագ դառնալու պատիվը հասավ նաև ինձ: Ընդամենը 26  տարեկանում  ես ինձ գտա  թևկապով, համալրելով այն  լեգենդար խմբի  ժառանգորդների ցանկը, որի մեջ մտնում էին Բերգոմին, Բեպպե Բարեսին, Ալտոբելլին, Բինին և մինչև վերջերս  Մացոլան, Ֆակետտին, Պիչին և Մեացցան: Ինտերում արգենտինացի  ավագ  դեռ երբեք չէր եղել: Ինձ համար դա հսկայական գոհունակության զգացում էր, որը հիմա  անիմաստ է թվում: Նույնիսկ այսօր` տաս տարի անց, Ինտերի թևկապ կրելը ինձ համար անսահման  հպարտություն է, և պարծենալու առիթ է տալիս  այն միտքը, որ այսքան  երկար ժամանակ  եղել եմ թիմի, երկրպագուների և ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Հենց սկզբից` Միլան վայրէջք կատարելու պահից,  ես ինձ զգում էի Ինտերիստա:  Իսկ այժմ, տարիներ անց, այժմ ես ոտքից գլուխ Ներաձուրրո եմ:  Որպեսզի պատկերացնեք, ես գնեցի սև մեքենա, որին  ավելացրի  կապույտ գիծ` վրան կլոր շրջանակով և մեջտեղում 4 համարը, որն անցնում էր մեքենայի երկայնքով : Նմանատիպ բան արեցի նաև տանը. իմ լոգարանը   ամբողջությամբ  պատված է Ներաձուրրիի գույներով, և իհարկե ''համար 4'' մանրանկարով: Բայց այս ամենը  միայն մի մասն է, որով կարող եմ արտահայտել , թե ինչքան խորն  են այդ գույները  մխրճված իմ հոգու և սրտի մեջ, առանց որոնց ես չեմ կարող ապրել:

Ավագ դառնալը ենթադրում էր շատ փոփոխություններ իմ դերի մեջ, թևկապ  կրելը նշանակում է ունենալ ավելի շատ պարտականություններ: Դա նշանակում է  ուղեկցել թիմին, որպես առաջնորդ և օրինակ ծառայել իմ թիմակիցներին, հատկապես  ավելի երիտասարդներին: Դա նշանակում է լարել մկանները թիմակիցներին և հակառակորդներին ձայնս լսելի դարձնելու համար: Հետագայում քիչ-քիչ սովորեցի, ավելի ու ավելի վստահ դարձա: Ես ճիշտ տեղում էի և  դա իմ իդեալական վիճակն էր:

Առաջին մրցաշրջանը Լիպպիի հետ  սկսվեց, ինչպես միշտ, շատ բուռն: Բոլորի համար մենք Սկուդետտոի ֆավորիտներն էինք, մենք ունեինք ամենալավ մարզչին ու թիմն ամենալավն էր: Ավելին, քանի  որ Եվրոպան Լիգան չկար, մենք պետք է մտածեինք առաջնության մասին:  Ինչ վերաբերում է ինձ, ես կրկին փոխեցի իմ դերը, որը նորմալ էր իմ կարիերայի համար: Ես պետք է ճիշտ խաղայի, և կիսապաշտպանությունում` 4-4-2 –ում: Առաջին  խաղը հրաշալի ընթացավ: Սան Սիրոյում  կայացած Բուֆոնի և Կաննավարոյի Պարմայի դեմ տարած 5-1 հաղթանակով ` Զամորանոյի փոխանցումով և Վիերիի ստրատոսֆերիկ գոլով: Բոբոն շատ լավ անձնավորություն է /շատ առիթներով ինձ բավականին  օգնել է/,  և չնայած նրա մասին պտտվող բամբասանքներին , նա ուժեղացրեց կենտրոնական հարձակումը , նրա հետ էին նաև Ռոնալդոն, Զամորանոն, Բաջջոն և Ռեկոբան: Աշխարհի քիչ թիմեր կարող են պարծենալ նմանատիպ «դասակով»: Բայց, աստիճանաբար ամեն ինչ սկսեց սխալ ընթանալ: Թիմի անդամներից շատերը վնասվածքների պատճառով դուրս եկան շարքից: Ռոնալդոն, դժբախտաբար,  լուրջ վնասվածք ստացավ  մրցաշարի 10-րդ օրը, Լեչչեի դեմ խաղում (որն ավարտվեց 6-0, որտեղ ես նույնպես գոլ խփեցի) և  վերադարձավ միայն մրցաշրջանի  վերջում:  Այդ տարի շատ այլ խաղացողներ  ֆիզիկական խնդիրներ ունեցան: Փաստն այն է, որ  մի քանի ամիսների ընթացքում մենք դուրս մնացինք Սկուդետտոյի համար մղվող պայքարից, որի ժամանակ Լացիոն չեմպիոն դարձավ:

  Հունվարին նոր խաղացողներ եկան թիմը ուժեղացնելու, բոլորն ամենաբարձր մակարդակի`Կլարենս Զեեդորֆ, Ադրիան Մուտու, Իվան Կորդոբա: Վերջինիս հետ,ինչպես պատահել էր  Բաջոյի և Զամորանոյի դեպքում , միանգամից ընկերացանք: Հիշում եմ, երբ կնոջս հետ  գնացի  օդանավակայան  նրան ու իր հղի կնոջը դիմավորելու և հրավիրելու մեր  Կոմոյի տուն մի քանի օր հյուրընկալվելու: Իվանը մինչ օրս իմ ամենալավ ընկերներից է : Նրա նման մարդիք քիչ են ` լուրջ, ազնիվ, անկեղծ, աշխատասեր և Ինտերիստա: Ես կարծում եմ, որ նա  մեր ներկայիս խաղացողների ամենամեծ ամենամեծ Ինտերիստայի սիրտն ունի:  Պատահական չէ, որ նա  փոխավագ է, իր խառնվածքի, բնավորության և հանգստության  շնորհիվ տպավորությունն այնպիսին է, որ նա էլ է թևկապ կրում: Կորդոբան ոչ միայն  շատ պայքարներ է ձեռնարկել դաշտում այլև  իմ գործընկերն է եղել  տարբեր մարդասիրական  նախաձեռնություններում:

Մենք կիսում ենք  նույն սկզբունքներն ու նույն արժեքները: Այդ գաղափարով ծնվեց Կոլումբիայի Հիմնադրամը: Դա մի նախագիծ է  ստեղծված կոլումբիայի կարիքավոր երեխաների համար, որը մենք ղեկավարում ենք նրա կնոջ ` Մարիայի հետ:
Չնայած նոր խաղացողների ձեռքբերմանը, իրավիճակը շատ չփոխվեց: Հաշվի առնելով մեր դիրքերը ես քննարկումներ ունեցա  Մարչելո Լիպպիի հետ, որն ավելի շատ բախման էր նման: Նա գերազանց մարզիչ է  (կենսագրությունն իրենն ասում է), բայց, հավանաբար, Ինտեր մտնելով`  նա  այնքան էլ  չմտավ նոր իրականության մեջ: Հավանաբար, նա  դեռ չախազանց կապված է իր նախկին թիմի  և խաղացողների հետ, որոնք հանդիսանում են մեր թշնամիները, հակառակորդը, որին  պետք  է պարտության մատնել: Արդյունքում,  մրցաշրջանի ավարտին մենք հայտնվեցինք չորրորդ հորիզոնականում, Պարմայի հետ միասին: Թայբրեյքը հաղթեցինք մենք` Զամորանոյի գոլով և Բաջջոյի երկու կախարդական հարվածներով:


Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է



Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1779 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ashxen91   (15.11.2012 04:27) [Материал]
vonc vor ancac tarin nkaragri che :// Zanettin es girqy greluc chgiter, vor eli tenc mrcashrjan kanckacni Interum

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz