Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 10. Փարիզ, 6 մայիսի 1998
14.10.2012, 03:41
Մասեր`


Գլուխ 10. Փարիզ, 6 մայիսի 1998


Իմ երրորդ մրցաշրջանն Ինտերում սկսվեց մեծ սպասելիքներով: Ռոնալդոյի ժամանումից հետո, որը սկիզբն էր նրա կարճ և ցավալի կարիերայի, լրատվամիջոցների ուշադրությունը բևեռված էր մեզ վրա: Եվ ՈւԵՖԱ-ի Գավաթի եզրափակչում ''Շալկե 04''-ից կրած ծանր պարտությունից հետո, ես նույնպես կարծում էի, որ սա կլինի ներաձուրրիի մեծ զարթոնքի մրցաշրջան: Մորատտիի երազանքը` Ինտերին կրկին տեսնել իտալական և եվրոպական ֆուտբոլի բարձրունքում, դեռ անսասան էր: Մեր նախագահը, չնայած այդքան շատ անհաջողություններից, միշտ լի է ոգևորությամբ և կրքով սև-կապույտ գույների նկատմամբ, և նրա սերն ակումբի հանդեպ վերջ ի վերջո վարձատրվեց:

Ռոննիից բացի եկան նաև այլ խաղացողներ` Սիմեոնեն, Ռեկոբան, Զե Էլիասը, Տարիբո Ուեստը, Կոլոննեզեն, Ֆրանչեսկո Մորիերոն: Հարավային Ամերիկայից խաղացողների թիվը գնալով ավելանում էր. ֆրանսիացի Յուրի Ջորկաեֆֆի հետ միասին, Իվան Սամորանոն միացավ Ինտերին, ում վիճակված էր դառնալ իմ ամենամոտ ընկերներից մեկը: Ինչպես արդեն նշեցի, ես համոզվեցի, որ շատ մեծ նշանակություն ուներ Հարավային Ամերիկայից այնպիսի խաղացողների ժամանելը, որոնք գալիս էին իրար հետ հակամարտություններ ունեցող երկրներից: Իվանի հետ, ով Չիլիի Սանտյագո քաղաքից էր, մենք միանգամից ընկերացանք: Դրանից առաջ, ես նկատի ունեմ 1996 թվականը, թիմում դեռ չկար իսպանախոս կորիզ, այդ պատճառով մեր ընկերությունը սկսվեց առաջին հերթին լեզվի համար (հարկ է նշել, որ Արգենտինայի, Կլումբիայի, Չիլիի և Ուրուգվայի լեզուների միջև շատ տարբերություններ կան), մենք սկսեցինք կապ պահպանել նաև խաղադաշտից դուրս: Ես փորձում էի ամեն կերպ օգնել Իվանին իրեն ազատ զգալ և շուտ հարմարվել իր նոր ակումբում և նրան շրջապատող նոր ֆուտբոլային իրականությանը, թեև ես նրանից 6 տարով փոքր էի: Մենք շատ նման ենք իրար, թեև մեր արտաքինից կարող է հակառակ տպավորությունը ստեղծվել: Բայց հավատում ենք նույն սկզբունքներին: Խաղադաշտում Իվանը իսկական մարտիկ է, մեկը, ով երբեք չի հանձնվում, զինվոր (պատահական չէ, որ նա ստացել է իր մականունը): Բայց նա այդ իր էներգիան օգտագործում է նաև խաղադաշտից դուրս` բազմաթիվ մարդասիրական նպատակներով: Այժմ նա Չիլիում UNICEF-ի դեսպանն է, նա հիմնադրել է ֆուտբոլային դպրոց կարիքավոր երեխաներին օգնելու համար:

Այս մրցաշրջանում փոխվեց նաև մարզիչը` Ռոյ Հոջսոնը հրաժարական տվեց ‘’Շալկե 04’’-ին պարտվելուց հետո (բայց թույլ տվեք կրկնել, որ մեր պայքարը նրա որոշումը չփոխեց, և մենք համաձայնվեցինք) և նրան փոխարինեց Ջիջի Սիմոնին: Սկզբում շատ լրագրողներ կասկածում էին նրա հնարավորությունների վրա: Մինչ Ինտեր գալը նա մարզել էր միայն միջին կարգի թիմերի, և այժմ նա գրանդ ակումբի գլխավոր մարզիչն էր: Բայց Ջիջին շատ շուտ ցրեց բոլոր կասկածներն իր նկատմամբ` իր տակտիկական ունակությունների, և առաջին հերթին իր սեփական հայացքների և գաղափարների շնորհիվ: Նրա գլխավոր ձեռքբերումը դարձավ ամուր և ներդաշնակ թիմի ստեղծումը` նաև խաղադաշտից դուրս: Նրա հետ փոխվեց նաև իմ խաղային դիրքը` ես սկսեցի խաղալ ձախ եզրում, որն ապագայում օգնեց ինձ ազատ զգալ խաղադաշտի գրեթե բոլոր հատվածներում: Մնում էր միայն կանգնել դարպասներում, և այդ ժամանակ կարող էի խաղալ ամենուր:

Ռոնալդոն մեր ադամանդե հարձակվողն էր: Ես երբեք այդպիսի մեծ խաղացող չեմ տեսել` թերևս միայն Լեո Մեսսին է հասել այդ մակարդակին: Բայց թիմում ոչ ոք երբևէ չէր նախանձում Ռոննիին: Նրա ուժը, մակարդակը, արագությունը բոլորի ուշադրության կենտրոնում էր, նա կարևոր արժեք էր ներկայացնում թիմի համար, այն մարդը, որ կարող էր օգնել մեզ հաղթել, ի վերջո:

Այս մրցաշրջանը, սակայն, շատ դառը հիշողություններ թողեց միայն: Ես համոզված եմ, որ մենք արժանի էինք Սկուդետտոյին, բայց ինչ-որ տարօրինակ, շատ տարօրինակ, անչափ տարօրինակ բաներ տեղի ունեցան: Եվ միայն տարիներ հետո մենք իմացանք Կալչիապոլիի մասին և այն մասին, որ այդ ժամանակ մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին: Չափազանց շատ էր մեր դեմ, և չափազանց շատ Յուվենտուսի օգտին: Բոլորն էլ հիշում են, թե ինչ տեղի ունեցավ: Նախաբանը դարձավ մրցավարի որոշումը, որը տասնմեկմետրանոց հարված չնշանակեց Ռոնալդոյի նկատմամբ Մարկո Յուլիանոյի ակնհայտ խախտման համար, իսկ Ինտերի դարպասին նշանակեց ծայրահեղ կասկածելի տասնմեկմետրանոց: Բացի խաղադաշտում մեր կոնկրետ մրցակիցների դեմ պայքարելուց, մենք ստիպված էին պայքարել նաև դրա սահմաններից դուրս` այդ ժամանակ միայն կասկածներ էին, իսկ 2006-ի թեժ ամռանը ամեն ինչ պարզվեց: Վերջապես:

Եվ այդպես, մենք դարձանք երկրորդը, թեև ունեինք ամեն ինչ չեմպիոն դառնալու համար: Առաջնությունում դառը անհաջողությունը համեմվեց նաև իմ առաջին մեծ հաղթանակով Ինտերի կազմում: Ամենալավ հիշողություններից մեկն է: Եթե առաջին սերը չի մոռացվում, դա վերաբերվում է նաև առաջին տիտղոսին: ՈՒԵՖԱ-ի Գավաթ եզրափակիչը ‘Լացիոյի’ դեմ, 1998 թվականի մայիսի 6-ին, Փարիզի ‘’Պարկ-դե-Փրենս’’ մարզադաշտում, միշտ կմնա իմ սրտում: Այս հաղթանակը յուրօրինակ փոխհատուցում դարձավ անցած տարվա անհաջողության համար, բայց առավել շատ Ա Սերիայի հիասթափությունների համար: Մենք եկանք եզրափակչին լի էներգիայով և հաստատակամությամբ` ցանկանալով ցույց տալ աշխարհին, որ Ինտերը երբեք նախանձի զգացում չի ունեցել և չունի Յուվենտուսի նկատմամբ, որը հաղթել էր առաջնությունում մի քանի օր առաջ: Եվ ես մինչ այժմ էլ շարունակում եմ մտածել, որ 1998-ի Սկուդետտոն մեզանից գողացվեց:

Խաղից առաջ Սիմոնին մեզ հիանալի էր նախապատրաստել: Մրցաշրջանն առանց տիտղոսների ավարտելու հեռանկարը, մեզ, մեղմ ասած, չէր ոգեշնչում: Զայրացած և հաղթելու անհագ ցանկությամբ Ինտերը խաղադաշտ դուրս եկավ: Այս եզրափակչի ժամանակ մեզ մոտ ամեն ինչ ստացվեց` առաջինից մինչ վերջին րոպեները: Կարծում եմ, որ սա իդեալական խաղ էր, թիմային խաղի վառ օրինակ: Բայց Գավաթն, այնուամենայնիվ, հեշտ չտրվեց: Մեր մրցակիցը Լացիոն էր, որի կազմում այդ ժամանակ խաղում էր Ռոբերտո Մանչինին: Մի քանի տարի անց, նա դարձավ իմ մարզիչը, և մենք նրա հետ միասին հաղթեցինք իտալական առաջնությունը:

Բոլորն անհամբերությամբ էին սպասում երզափակիչ խաղին: Փարիզ էին եկել հազարավոր երկրպագուներ: Մարզադաշտում երկրպագուների միջև ընկերական մթնոլորտ էր ստեղծվել, չէ որ նրանք Ա Սերիայի երկու եղբայր ակումբներին էին երկրպագում: Իմ ընտանիքը և ընկերները ևս այնտեղ էին: Ես տրամադրված էի միայն հաղթանակի: Մենք լավ սկսեցինք խաղը և մեկնարկային սուլիչից մի քանի րոպե անց Իվան Սամորանոն գոլ խփեց: 1 – 0 առաջին խաղակեսից հետո: 60-րդ րոպեին հաշիվը դարձավ 2 -0, և ռմբարկուների ցուցատախտակին գրվեց իմ անունը: Իվան Սամորանոն գնդակը գլխով փոխանցեց ինձ 16 մետր հեռավորության վրա, ես ընդունեցի գնդակը հարմարեցրի և աջ ոտքի դրսի կողմով հարվածեցի` ուժեղ հարված հեռու տարածությունից և որպես արդյունք գնդակը հայտնվեց Լուկա Մարկեջանիի դարպասի հեռավոր անկյունում: Երբ ես տեսա գնդակը ցանցի մեջ ուրախությունից ճախրում էի, ես վազում էի, իսկ թիմակիցներս փորձում էին բռնել ինձ: Տրիբունայում բոլոր ընկերներս գրկախառնվել էին հորս հետ, և նշում էին այնպես, կարծես թե նա է խփել այդ գոլը: Կարծում եմ, որ դա (դեռևս) իմ կարիերայի ամենակարևոր գոլն է: Դա այն գոլն էր, որ <<սպանեց>> խաղը: Եվ որպիսի ամրապնդեինք մեր հաղթանակը, երրորդ գնդակը խփեց Ռոնալդոն, ինչպես միշտ եռակի դրիբլինգ Մարկեջանիի դիմաց, և գնդակը ցանցում է:

Այս խաղը դարձավ մեր փոխհատուցումը` հիասթափություններով լի մրցաշրջանից հետո: Թվում էր, դա սև և կապույտ վերածնունդ է, նոր և հզոր Ինտերի սկիզբը:

Եվ ինչպես պարզվեց արդյունքում, սա երկար ճանապարհի սկիզբն էր միայն: Իսկ ամենալավը դեռ առջևում էր…


Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է



Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 965 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (17.10.2012 01:16)
1998-ի Սկուդետտոն մեզանից գողացվեց chishta grvac... blyuven sax kyanq eta exel eli... apsos vor et tarinerum Ronaldon erkar chmnac Interum.. shat hachelia kardal Zanetii girq@

2 ashxen91   (16.10.2012 01:30)
xndrem,, im karciqov juraqanchyur Interist petqe es girqy karda, menq el hayerenov vayelelu hnaravorutyun enq talis!!! ^_^

1 Vieri   (16.10.2012 00:49)
Mersi targmanutyan hamar.
Hajuyqov kardum enq mer avagi masin girq@

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats