Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 23 » FcInter.am Ֆուտբոլիստների վերլուծություն և գնահատականներ
16:19
FcInter.am Ֆուտբոլիստների վերլուծություն և գնահատականներ

Մրցաշրջանի գրեթե կեսը ավարտված է, իսկ Ինտերը զբաղեցնում է իր համար համեստ 7-րդ տեղը: Հաշվի առնելով վերջին հանդիպումները, Ինտերը ավելի լավ արդյունքներ է գրանցում, քան մրցաշրջանի սկզբում: Ներաձուրրիները կարողացան 3-րդ տեղի համար պայքարում միավորների տարբերությունը կրճատել մինչև 5 միավորի:

Կփորձենք գնահատել ֆուտբոլիստներին 18 տուրերից հետո.

 

 

 

Հանդանովիչ 8,5/10 - Սամիրը միակ ֆուտբոլիստներից է, եթե ոչ միակը, ում մեղադրել չի կարելի պարտությունների կամ թիմի անհաջողությունների մեջ: Իր ֆանտաստիկ սեյվերով նա հիանալի կատարում է ոչ միայն իր աշխատանքը, այլև ուղղում պաշտպանների բացթողումները: Վերջին երեք խաղերում անառիկ է պահել սեփական դարպասը:


Ռանոկիա 4,5/10 - Այս մրցաշրջանում բոլոր մարզիչները (Դե Բուր, Վեկի, Պիոլի) առաջին իսկ խաղերում հնարավորություն տվեցին Անդրեային, սակայն իտալացի պաշտպանը ոչ մեկին չկարողացավ համոզել իր անհաջող ու ոչ կայուն խաղով: Միայն մեկ խաղ կարելի է առանձնացնել` Բոլոնիայի դեմ խաղը, որտեղ Ինտերը բավարարվեց ոչ ոքիով (1:1):


Անսալդի 5,5/10 - Անսալդին ժամանեց Ինտեր, որպեսզի ուժեղացնի Ինտերի եզրային պաշտպանողական գիծը, բայց, ցավոք, արգենտինացի պաշտպանը ունի գրեթե նույն խաղային մակարդակը ինչ մյուս եզրային պաշտպանները: Հարկ է նշել, որ Անսալդին շատ է աչքի ընկնում դեղին քարտերով՝ վտանգի մեջ դնելով իր թիմին:


Սանտոն 5,5/10 - Սանտոնը ամենաանհաջող խաղը անց է կացրել Ռոմայի դեմ, իսկ մյուս խաղերում ունեցել է միջին և միջինից բարձր խաղային մակարդակ: Դավիդեին չի բավականացնում ֆիզիկական պատրաստվածությունը, որպեսզի 90 րոպե նույն մակարդակով հանդես գա:


Մուրիլլո 6/10 - Կոլումբիացի պաշտպանը այս մրցաշրջանում հետընթաց է ապրում: Մուրիլլոն ավելի շատ է սխալներ թույլ տալիս պաշտպանությունում՝թե՛ դիրքային և թե՛ խաղային: Սակայն վերջին հանդիպումներում, հատկապես Ջենովայի և Լացիոյի դեմ խաղերում, Ջեյսոնը բարելավել է խաղը, սակայն դեռ հեռու է իր ամենալավ մարզավիճակից:


Միրանդա 7/10 - Միրանդան պաշտպանության ամենափորձառու և ամենագրագետ ֆուտբոլիստն է: Եթե Միրանդան ձախողում է խաղը, ապա Ինտերը դատապարտված է պարտության: Միրանդան նույնպես հետընթաց է ապրում անցած մրցաշրջանի համեմատ, սակայն մնում է պաշտպանության առաջատարը և վստահ է իր գործողությունների մեջ: Պետք է խոստովանել, որ Բրազիլիայի հավաքականի ավագը միայնակ չի կարող լուծել բոլոր խնդիրները:


Դ'Ամբրոզիո 6/10 - Դանիլոն, հավանաբար, ամենակայուն եզրային պաշտպանն է Ինտերի կազմում: Իտալացի պաշտպանը միշտ միանում է գրոհներին և փորձում սրություն հաղորդել: Ամենահաջող խաղը կարելի է նշել վերջին` Լացիոյի դեմ հանդիպումը, որում նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ:


Նագատոմո 4,5/10 - Յուտոն այս մրցաշրջանում շատ քիչ խաղաժամանակ է ստանում և այն խաղերում, որում հանդես է եկել ճապոնացի պաշտպանը, չի կարողացել լիովին կատարել իր առջև դրված առաջադրանքը: Բոլոր խաղերում ցույց է տվել միջին և միջինից ցածր խաղ, միայն Տորինոյի դեմ խաղում կարողացավ լավ հանդիպում անցկացնել:


Մելո 3,5/10 - Դժվար է հասկանալ Ինտերի մարզչին՝ Ֆելիպեին հիմնական կազմում տեղ հատկացնելու կապակցությամբ: Մելոն ոչ միայն վատ է տեղաշարժվում, դանդաղեցնում խաղը, սխալ փոխանցումներ կատարում, այլ նաև ամեն խաղում՝ իր համար արդեն սովորական դարձած, դեղին կամ կարմիր քարտով լքում է խաղադաշտը:


Ժ. Մարիո 7,5/10 - Պորտուգալացի կիսապաշտպանը շատ դանդաղ մերվում է իտալական ֆուտբոլին: Մարիոն գնալով դառնում է Ինտերի կենտրոնի "մատակարարը": Ջենովայի դեմ խաղը դեռ նրա ամենահիշարժան հանդիպումն է Ինտերի կազմում: Սակայն պետք է նշել, որ Ժոաո Մարիոն դեռ լիովին չի կարողանում իր լավագույն խաղային մակարդակը ի ցույց դնել:


Կոնդոգբիա 5/10 - Ֆրանսիացի կիսապաշտպանը շատ անկայուն և վատ մրցաշրջան է անցկացնում Ինտերի կազմում, ինչը ստիպում է ներաձուրրիների ղեկավարներին մտորել նրան վաճառելու մասին: Ջոֆրեյը միայն մեկ խաղում (Լացիոյի դեմ) կարողացավ իր որակները ի ցույց դնել, սակայն դիրքային սխալները չափից շատ էին: Արդեն իսկ կարելի է հիասթափություն համարել Կոնդոգբիայի տրանսֆերը, ում համար Ինտերը վճարել է 35մլն եվրո:


Մեդել 6/10 - Մեդելը շատ աշխատասեր ֆուտբոլիստ է և չի խնայում իրեն ամեն մենապայքարում: Չիլիացի կիսապաշտպանը իր լավագույն հանդիպումը անցկացրեց Միլանի դեմ, որտեղ վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղաշտը:


Բանեգա 7/10 - Բանեգայի տրանսֆերը այս մրցաշրջանում լավագույններից էր: Էվերը կարողանում է կազմակերպել խաղը և գոլային փոխանցումներ կատարել: Լացիոյի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստին, կարծես թե, չի հերիքում ֆիզիկական պատրաստվածությունը:


Բրոզովիչ 7,5/10 - Մարսելոն այս պահին լավագույնն է Ինտերի կազմում: Մրցաշրջանի սկզբում Բրոզովիչը դժգոհ էր, որ չկարողացավ փոխել ակումբը, իսկ այժմ դարձել է թիմի առաջատար: Բոլոր խաղերում ստացել է բարձր գնահատականներ տարբեր պարբերականների կողմից:


Պալասիո 3,5/10 - Ինչո՞ւ պահել Պալասիոյին թիմում և հնարավորություն չտալ ավելի երիտասարդ ֆուտբոլիստների: Պալասիոն կորցրել է արագությունը և օգտակարության գործակիցը:

 


Իկարդի 8,5/10 - Մաուրոն անում է այն, ինչը նրանից պահանջվում է և դժգոհել նրա խաղից դժվար է: Այո Իկարդին սկանդալային ֆուտբոլիստ է, բայց նա իր գոլերով լռեցնում է բոլորին: Ինտերի երիտասարդ հարձակվողին պակասում է կայունությունը, բայց դա նրան չի խանագրում լինել ռմբարկուների ցուցակում 1-ինը:


Յովետիչ 4/10 - ՅոՅոն այս մրցաշրջանում ոչ մի խաղում չի եղել թիմի մեկնարկային կազմում և դժվար է նրա խաղը գնահատել, սակայն այն խաղերում, որում դուրս է եկել փոխարինման՝ արդյունավետությամբ աչքի չի ընկել:


Էդեր 5/10 - Էդերից սպասելիքները ավելի շատ են: Էդերը խաղադաշտում նվիրվում է թիմին, սակայն նրանից պահանջվում է գոլեր և գոլային փոխանցումներ: Լավագույն խաղը եղել է Սպարտայի դեմ:

 


Պերիշիչ 7/10 - Իվանը վերջին խաղերում աչքի չի ընկնում արդյունավետությամբ, սակայն, ընդհանուր առմամբ, շատ է աշխատում դաշտում: Միլանի դեմ խփած գնդակը փրկեց Ինտերին պարտությունից և խփեց հաղթական գոլ Յուվենտուսի դարպասը:


Կանդրեվա 6,5/10 - Անտոնիոն ընտելանում է թիմին և թիմը իրեն: Վերջին խաղերում կարողանում է վստահ գործել: Կարող ենք հիշել Միլանի դեմ խփած հիանալի գոլը և Սասսուոլոյի դեմ հաղթական գնդակը:

 

 


Կարիսո, Բերնի, Անդրեոլի, Գնուկուրի, Բիաբիանի, Գաբիգոլ */10


FcInter.am

Կատեգորիա: Գնահատականներ | Դիտումներ: 981 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz